Search
Close this search box.

Փաշինյանը հանձնում է գերիներին

Ո՞ր դեպքում է գերի ընկնելը համարվում հանցագործություն։ Ուշադրություն, ընկերներ, գերի ընկնելու մասին է խոսքը։ Չկա մի դեպք, երբ գերի ընկնելը հանցագործություն է, նույնիսկ հանձնվելը հանցագործություն չէ։ Նույնիսկ քեզնից թույլին հանձնվելը հանցագործություն չէ։

Էլ չեմ ասում մեկին, որը գալիս է քեզ վրա, ու դու նրան կանգնեցնելու հրաման չունես։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասել է․ «Ո՞ր դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք: Օրինակ՝ ակնհայտ է եւ ձեւակերպված է, որ եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է եւ գերեվարվում է, իհարկե, ոչ մի պրետենզիա չի կարող լինել»։

Բոլոր դավաճանների թեման փակել էինք, հասանք գերիների՞ն։

Ինչո՞ւ Փաշինյանն իր ամեն հրամանը, պայմանավորվածությունը չի հանձնում դատարանին, որ մի հատ քննեն ու տեսնեն, թե ինչի՞ զինվորը հասավ էն օրին, որ գերի է ընկնում։ Էդ երբվանի՞ց գերի ընկնելը դարձավ մեղք։ Դու հլը բոլորին չես բերել Հայաստան։ Նրանք դեռ էնտեղ խոշտանգվում են ու սարսափում ամեն հաջորդ օրից, ու արդեն դավաճան կոչվելու հեռանկա՞ր։

Դրանք էն գերիները չէի՞ն, որոնք պիտի ՀՀ իշխանություններին ներեին «մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար»։

ԱԺ ամբիոնի մոտ երեկվա հայտարարությունը երեւի մեկ էլ «գժի թուղթ» ունեցողը կաներ։ Կարո՞ղ է էդ տղաները չգիտեին, թե ում են գերի ընկնում։ Բերանով ասելու չէ։ Պատերազմ է, նրանք էլ վրեժ ունեն։ Ի՞նչ է նշանակում՝ դեռ պետք է հետաքննվեն գերի ընկնելու դեպքերը։ Այսինքն՝ հլը մի հատ էլ պիտի բացատրեն, թե ինչու չեն մեռե՞լ։

Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում այդ հայտարարությունը։

Դա նշանակում է, որ էնտեղ մեր տղաներին ասում են՝ տղերք, Հայաստանի վարչապետը ձեզ դավաճան է սարքում, ձեզ Հայաստան գնալ պե՞տք է, գուցե ձեզ գլխից խփե՞նք։ Դա նշանակում է նաեւ, որ երբ ինչ-որ հրաշքով Մուրադովը նրանց ողջ է բերում Երեւան, «Էրեբունի» օդանավակայանում նրանց սպասում են ոչ թե ծնողները, այլ զինվորական դատախազության չափազանց բարեխիղճ հագնված, լողացած, գուցե նաեւ սափրված աշխատակիցները։ Հետո նրանց տանում են մեկուսարան ու փորձում են հասկանալ հանգամանքները։

Դուք այս ամենին նրանց ծնողների աչքով նայեք։ Որովհետեւ կառավարության աչքը նրանց համար չի ցավում, ջուր չի կտրում։ Որովհետեւ կառավարությունը նրանց հետ հաշիվ ունի մաքրելու։

Ահա այսպիսի իշխանություն, որն ինքն իր համար չի ճշգրտել, թե որտեղ են սկսվում ու ավարտվում Հայաստանի սահմանները, բայց արդեն գիտի, թե ովքեր են «ծախում» այդ սահմանները։
aliqmedia.am