Search
Close this search box.

Կաշառք պահանջելու մեջ կասկածվող Տարոն Մարգարյանի մերձավորը նախկինում աղմկոտ պատմությունների մեջ է հայտնվել

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Արտակ Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել, որ Արման Եդոյանն իրենից կաշառք է պահանջել։ ՀՀ դատախազությունից հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգելու քրեական գործ հարուցելու հիմքերը:
Արման Եդոյանի անունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է աղմկոտ պատմություններում: 2015 թ. սեպտեմբերի 13-ին Երեւանի Ռուբինյանց փողոցում տեղի էր ունեցել մահվան ելքով վրաերթ: Մահացածը Ռուբինյանց փողոցի բնակիչ էր, ըստ ականատեսների՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ քաղաքացուն թռցրել է մոտ երկու տասնյակ մետր: Վրաերթի հեղինակը Արման Եդոյանն էր:
Արման Եդոյանը 2013 թվականին էլ էր հայտնվել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մի աղմկոտ պատմության մեջ: Ըստ ԶԼՄ-ների, Արման Եդոյանը Հանրապետության հրապարակում մոտեցել եւ հեռախոսով մի քանի անգամ հարվածել է հրապարակում փուչիկ վաճառող տղային, որից հետո տղայի ուշքը գնացել էր:

Քաղաքապետարանի չինովնիկը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել այդ տղայի հանդեպ բռնության համար, այլեւ Երեւանի քաղաքապետարանը նրա քայլն արդարացրել էր նրանով, թե այդօրինակ վաճառողները Երեւանը վերածում են արեւելյան շուկայի: Նա պատասխանատվություն չի կրել նաեւ մահվան ելքով վրաերթի համար եւ շարունակում է պաշտոնավարել:
Արման Եդոյանը Տարոն Մարգարյանի մերձավորն է: