Search
Close this search box.

Ինչո՞վ էր հայտնի սպանված «Քանաքեռցի Տույը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«Ինչո՞վ էր հայտնի սպանված Քանաքեռցի Տույը.
Գիշերը Երևանում սպանված Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը, պարբերաբար քրեական պատմություններում հայտնվելուց զատ, հայտնի էր իր բիզնես գործունեությամբ։ Տավուշի մարզի Տավուշի գյուղից ներքև գործող ավտոգազալցավորման ճնշման կայանը (ԱԳԼՃԿ) պատկանում էր նրան։ Մեկ տարի առաջ Տույը վաճառել է Բերդ քաղաք կենտրոնում գտնվող «Ուտիք» հյուրանոցը, որի սեփականատերը, կամ համասեփականատերն էր։ Լուսանկարում Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի գյուղի միջնակարգ դպրոցի շենքն է, որի առաջ հառնում է Տույի հոր՝ Հայկ Ղազարյանի կիսանդրին, դպրոցը շուրջ 15 տարի կրում է ծագումով Վերին Ծաղկավանից Հայկ Ղազարյանի անունը, թեև Հայկ Ղազարյանը ուսուցիչ չի եղել եւ այդ դպրոցում չի աշխատել; Դպրոցն անվանակոչվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի թույլտվությամբ, ով այժմ քաղաքաշինության կոմիտեի նախագահն է։

2013թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Քանաքեռցի Տույը Սերժ Սարգսյանին Դիլիջան քաղաք ուղեկցող անձանց մեջ էր։ Մամուլում գրվել է , որ 2021թ․ փետրվարին Տույը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է մարտական զենքով, այդ պարգևատրումը եղել է Նիկոլ Փաշինյանի պահանջով։ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում, ըստ Բերդի տարածաշրջանից ստացված տեղեկությունների, Քանաքեռցի Տույը Բերդ համայնքում աշխատել է ՔՊ-ի օգտին։ Անցյալ տարի Տույը Երևանում մեծ առանձնատուն էր կառուցում»։