Search
Close this search box.

Ադրբեջանական անցակետի պատճառով Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն այսօր չեն կարողացել հասնել դպրոց

Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն այսօր չեն կարողացել հասնել դպրոց։ Նրանց մեծ մասը գրեթե ամեն օր Գորիսից Բարձրավան էր գնում, բայց այսօր դպրոց չեն գնացել Գորիս-Կապան ճանապարհի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի պատճառով։ Հիշեցնենք, որ այս ճանապարհին երեկ գիշերվանից Ադրբեջանը մաքսային ու անձնագրային հսկողություն է իրականացնելու։

Բարձրավան գյուղը Գորիսից 33 կմ հեռավորության վրա է։ Բարձրավանի դպրոցում այս պահի դրությամբ սովորում է հինգ աշակերտ։ Վերջին տասը տարիների ընթացքում դպրոցում աշակերտների թիվը չի գերազանցել տասը։

Դպրոցի տնօրեն Սառա Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ դասերը կազմակերպում են հեռավար։ Հարցին, թե աշակերտները հեռավար դասերին միանալու համար ունե՞ն տեխնիկական հնարավորություն, տնօրենը դրական պատասխան տվեց, ասաց՝ չունենալու դեպքում դպրոցում համակարգիչ կա, դա կարող են օգտագործել։ Սառա Հակոբյանը նշեց, որ այս պահին փորձում են խնդրին լուծում գտնել և, ամենայն հավանականությամբ, կօգտվեն Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհից։

Ժենյա Ղազարյանը Բարձրավանի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես ուսուցչի օգնական։ Նա շաբաթական մի քանի անգամ Գորիսից գնում է Բարձրավան՝ աշխատանքի։ Ըստ նրա՝ շաբաթվա երեք օրը ուսուցիչները Գորիսից Բարձրավան են գնում համայնքի տրամադրած «Sprinter» մեքենայով, իսկ մյուս օրերին միանում են և իրենց միջոցներով տաքսի վարձում։