Search
Close this search box.

Որևէ մեկը չի ասում, որ պետք չէ խաղաղություն, բայց այդ խաղաղության համար պետք է պայմաններ լինեն, խաղաղությունը պետք է պարտադրել . Սեյրան Օհանյան

Մեր տեսակետն այն է, որ չի կարող լինել տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը, դրա ռեալ գնահատականը անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական առումով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, ճանապարհների բացումը ժամանակավրեպ է, երբ հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր, հակառակորդը հոխորտում է և ստիպում է գնալ դրան, իսկ հայկական կողմը փոխանակ անվտանգային համակարգը ձևավորի, խաղաղություն է մուրում:

«Այս ապաշրջափակումը բերելու է ավելի խորը շրջափակման՝ և տնտեսական ճնշում է լինելու, և ժողովրդագրական պատկերն է փոխվելու հատկապես Սյունիքի հատվածում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց՝ լիաժեք խաղաղություն պետք է լինի, իսկ դրա համար պետք է հակառակորդը՝ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը փոխի իր հռետորաբանությունը դեպի խաղաղություն և նաև իր գործողություններով պետք է ցույց տա, որ իրականում գնում է խաղաղության, պետք է դուրս գան ՀՀ տարածքներից, որտեղ որ մխրճվել են, նաեւ բոլոր տիպի ճնշումներից զերծ մնան:

«Որևէ մեկը չի ասում, որ պետք չէ խաղաղություն, բայց այդ խաղաղության համար պետք է պայմաններ լինեն, խաղաղությունը չպետք է մուրալ, խաղաղությունը պետք է պարտադրել կամ գոնե այսօրվա պայմաններում լիարժեք պաշտպանել այդ խաղաղությունը»,- ասաց Ս. Օհանյանը:

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կարելի է ասել, պարտադրվել է ՀՀ իշխանություններին, և Արցախից հանձնվել են տարածքներ, դրանից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը, թուրքերը հայտնվել են ՀՀ սահմաններում: