Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանն ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի երկու տեղակալներին

NewsBook-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։ Նրա հետ միասին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը կլքի նաև Ստեփան Գալստյանը:

Եթե Հայկազ Բաղմանյանի դեպքում ամեն ինչ կարծես թե սպասելի ու բնական էր, ապա Ստեփան Գալստյանի պարագան փոքր ինչ այլ է: Վերջինս համակարգի հնաբնակներից է և բավականին լուրջ անուն ու հեղինակություն ունի: Ի տարբերություն Հայկազ Բաղմանյանի՝ նրա անունը երբեք չի շրջանառվել բիզնես կամ կրիմինալ պատմությունների շրջանակներում: Նրան պատկանող դղյակների ու բիզնեսների մասին որևէ տեղեկություն չկա, ճիշտ հակառակը՝ ասում են, որ Գալստյանն  իր գործի գիտակն էր ու համակարգը լավ իմացողներից մեկը:

Ի դեպ, խոսակցություններն այն մասին, թե Ստեփան Գալստյանը (ինչպես նաև Հայկազ Բաղմանյանը) խնդիրներ ունեին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, ինչ խոսք, ճշմարտություն են: Բայց խնդիրն այն է, որ միայն Մովսես Հակոբյանի կամքով այս մարդկանց պաշտոններից ազատելը իրատեսակ չէր կարող համարվել: Կոնկրետ այս պարագայում խնդիրն ավելի հեռուն է գնում:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին է նպատակադրվել համակարգից հեռացնել հին դեմքերին, նաև նրանց, որոնք հեշտ կառավարելի չեն: Ոչ վաղ անցյալում (ինչու ոչ՝ նաև այսօր) Բաղմանյանն ինքն էր շատերին ենթարկում ու ենթարկում է իր կամքին՝ օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները: Ստեփան Գալստյանին ճանաչողներն էլ պնդում են, որ այս մարդու պրոֆեսիոնալիզմը իրեն թույլ էր տալիս ներկայացնելու սեփական մոտեցումն ու կարծիքը, ասել է թե՝ հենց այնպես չտրվել ազդեցությունների:

Հենց այս կետում է, որ Մովսես Հակոբյանի ու Վիգեն Սարգսյանի շահերը համընկել են՝ համակարգը պնդացնել թույլերով, որպեսզի ներսում հնարավորինս առանց դիմադրության իրականացվի այն ամենը, ինչ նպատակահարմար է Վիգեն Սարգսյանին:

Հ.Գ. Ի դեպ՝ 4 ամիս առաջ Վիգեն Սարգսյանը, մեկնաբանելով Հայկազ Բաղմանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, բառացիորեն հայտարարել էր. «Հայկազ Բաղմանյանը երկար ճանապարհ անցած սպա է, որը կատարում է իր աշխատանքը: Որևէ կադրային փոփոխություններ մեզ մոտ նախապես չեն քննարկվում, չեն մեկնաբանվում: Հայկազ Բաղմանյանին պաշտոնից ազատելու նպատակ այս փուլում չկա»: