Search
Close this search box.

Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված, Ալֆայի Չիկոն՝ գրավի դիմաց ազատ կարձակվի

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Երվանդ Վարոսյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր թափ հաղորդվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Քաջարանի համայնքապետի բնակարանում հուլիսի 8-ին խուզարկություն իրականացվեց, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում նա բերման ենթարկվեց Երեւան՝ ԱԱԾ ներկայացվելու համար, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել միայն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին։ Համենայն դեպս՝ այդ ժամին է կազմվել ձերբակալման արձանագրությունը։ Հուլիսի 10-ին Մանվել Փարամազյանը կալանավորվել է։ Փարամազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (չորս դրվագ) հատկանիշներով։

Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս վեց անձ, այդ թվում՝ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանը, որն ավելի հայտնի է Ալֆայի Չիկո անունով։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի (երկու դրվագ) հատկանիշներով։ Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում, որը գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է գործով ամբաստանյալների խափանման միջոցի հարցը, ինչի արդյունքում Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ Ալֆայի Չիկո անունով հայտնի Արամ Գասպարյանի նկատմամբ կիրառել գրավ։

Դատարանը գրավ է կիրառել նաեւ քրեական գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Արմեն Անդրեասյանի նկատմամբ՝ որպես գրավի չափ սահմանելով 5 միլիոն դրամը։ Որոշումը դատարանը հրապարակել է կեսգիշերին։