Search
Close this search box.

Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50 %-ով. Փաշինյան

Այս օրերին ընթանում է մեր կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը։ Խոսքը գնում է ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին, որն իմ կարծիքով շրջադարձային նշանակություն կունենա։ Կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով ատեստավորման արդյունքում՝ պայմանավորված նրանց հավաքած միավորներից, նոյեմբերից նրանց աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով։

«Այս փուլում իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է։ Մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում կընդլայնենք առարկաների ցանկը։ Առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ասաց, որ պլանավորում են նաև հաջորդ փուլը, որի ժամանակ արդեն ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումն ավելի բարձր չափանիշներով։ Այսինքն այն ուսուցիչները, որոնք իրենց գիտելիքով, որակավորմամբ կարողացել են աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, հնարավորություն կունենան ևս մեկ անգամ կրկին ատեստավորման միջոցով արդեն բարձրացված աշխատավարձը նորից բարձրացնել 30, 40 կամ 50 տոկոսով։

«Մեր հաշվարկներով այս գործընթացն ամբողջությամբ փակելը կտևի 3-4 տարի, որի արդյունքներով կարձանագրենք, որ ՀՀ X թվով ուսուցիչներ անցել են ատեստավորումը։ Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, բնականաբար մեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու հնարավորությունից»,-նշեց վարչապետը։