Search
Close this search box.

Այլընտրանքային ճանապարհը Սյունիքի անվտանգության հետ կապված ամբողջական հարցը չի լուծելու. Տիգրան Աբրահամյան

«Սյունիքում ստեղծված սպառնալիքներն ու ռիսկերը շարունակում են պահպանվել»,- ԱԺ ճեպազրույցում ամփոփելով այդ մարզ կատարած այցի արդյունքները՝ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում բավականին ակտիվ շինարարության մեջ է։ Այդ շինություններն ունեն և ռազմական, և քաղաքացիական նշանակություն։

«Շատ մտահոգիչ է, բռնազավթված տարածքներում Ադրբեջանի ամրացումները, որը կապված է սահմանապահ զորամասերի տեղակայման ու ամրաշինական ենթակառուցվածքների աշխատանքների հետ։ Այլընտրանքային ճանապարհը, որը կառուցվում է, մի քանի հարցեր կլուծի, սակայն Սյունիքի անվտանգության հարցը չի լուծի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Երկրորդ կարևոր հարցը, որն առանձնացրեց բանախոսը, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովում քննարկված առաջարկն է, որը վերաբերում է ուժային կառույցների ղեկավարների խորհրդարան գալուն։

«Իշխանությունը համառ ջանքեր է իրականացնում, որպեսզի ուժային կառույցի ղեկավարները որևէ պարագայում չգան խորհրդարան ու չպատասխանեն հարցերին։ Սակայն ակնհայտ է, որ կա հանրային պահանջ, նույն պահանջն առկա է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ մարդկանց հետո որևէ ձևաչափով քննարկում անցկացնելու և հանրության, մեզ համար մտահոգիչ պատասխաններ ստանալու։ Իշխանությունների այս մոտեցումն ավելի է խորացնում այն մտահոգությունը, որ անվտանգության համակարգում նախատեսված վերակազմավորումներ չեն իրականացվում, ուժային կառույցներն ասելիք չունեն ու խուսափում են մեզ հետ հանդիպումներից»,- համոզմունք հայտնեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը։