Search
Close this search box.

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային վիրաբուժության ամբողջ ծավալով: Այսօր դիմածնոտային վիրաբույժների մեծ մասը առավելապես հմտանում է պլաստիկ վիրաբուժությունում և մի քանի պաթոլոգիաների բուժման մեջ: Քչերն են իրենց պրակտիկայում  տեղ հատկացնում դիմածնոտային այնպիսի պաթոլոգիաների բուժմանը, ինչպիսին են ատամնածին բորբոքային հիվանդությունները (օստեոմիելիտ, աբսցեսներ ու ֆլեգմոնաներ, բարորակ նորագոյացություններ, թքագեղձի հիվանդություններ, դիմածնոտային կոտրվածքներ): 

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոցենտ Արեգ Սեփյանը ծնվել է բժշկի ընտանիքում: Հայրը՝ Հենրիկ Խոսրովի Սեփյանը եղել է  բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր: Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ, Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու), Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բժշկական օգնություն է ցուց տվել վիրավոր ազատամարտիկների: Որպես բժիշկ ու մեծ հայրենասեր՝ հենց նա է դարձել լավագույն օրինակը որդու համար: Արեգ Սեփյան ծնվել է Ստեփանակերտում 1968 թվականին, հունվարի 3 – ին: Սովորել է Երևանի Գոգոլի անվան N° 35 միջն. դպրոցում:  1985 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1986- 1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալուց հետո շարունակել ուսումը: 1992 – 1993 թթ. սովորել է ինտերնատուրայում, այնուհետև մասնագիտացել որպես դիմածնոտային վիրաբույժ: 2006 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արեգ Սեփյանը 1995 թվականից աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում որպես վիրաբույժ, իսկ  2018 թվականից նույն բաժանմունքի ղեկավար: Արեգ Սեփյանը նաև Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է, «Հայբուսակ» միջազգային ակադեմիայի ստոմոտոլոգիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ: Ճանաչվել է 2018-2019 տարվա լավագույն դիմածնոտային վիրաբույժ: Ա. Սեփյանը 15 գիտական և 3 հեղինակային աշխատանքների հեղինակ է: Նա անգամ մշակել է ատամնածին հայմորիտի վիրահատական միջամտության իր հեղինակային մեթոդը. «Սովորաբար ռադիկալ հայմորոտոմիայի ժամանակ հայմորյան ծոցը մաքրելու համար առաջնային պատը լրիվ հեռացվում է, որի արդյունքում առաջանում է ոսկրի դեֆեկտ համապատասխան բարդություններով՝ փափուկ հյուսվածքների ներաճ, թմրածության զգացում: Իսկ ես նույն վիրահատության ժամանակ ոսկրային պատը համապատասխան ձևով վերականգնում եմ իր տեղում՝ բացառելով բարդությունները»: Բժիշկ Սեփյանն իրականացնում է ատամնածին բորբոքային հիվանդությունների (օստեոմիելիտ, հայմորիտ), աբսցեսների ու ֆլեգմոնաների, բարորակ նորագոյացությունների, թքագեղձի հիվանդությունների բուժում, դիմածնոտային բնածին արատների շտկում, օրթոգնատիկ վիրահատություններ, կծվածքի շտկում, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում, նաև ատամնային և բարդ իմպլանտացիա: Բժիշկը կատարում է ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի վիրահատական միջամտություններ. «Մեր բաժանմունքը գործում է  ավելի քան 30 տարի: Մենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված օգնություն դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին: Այստեղ գալիս են կյանքի տարբեր իրավիճակներում (ճանապարհատրանսպորտային պատահար, կռիվ, սպորտային մրցումներ, կենցաղային պատահարներ) ձեռք բերած տրավմաներով, ստանում անհետաձգելի, պրոֆեսիոնալ օգնություն: Մենք օգնում ենք վերականգնել վնասվածքն ու վերադարձնում  դեմքի ու ծնոտի էսթետիկ տեսքն ու ֆունկցիոնալությունը»:

Որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության դոցենտ Ա. Սեփյանը իր հարուստ փորձն ու գիտելիքներն է փոխանցում ուսանողներին և կարևորում անընդհատ սովորելու և կատարելագործվելու կարևորությունն իրենց մասնագիտության մեջ. «Լավ բժիշկ լինելու համար պետք է ունենալ գիտելիքների հարուստ պաշար, որը պրակտիկայում վերածվում է հմտության: Լավ բժիշկը երբեք չի ասում, թե ինքն ամեն ինչ գիտի. եթե ասաց, ուրեմն սպառվել է որպես մասնագետ: Կարդացեք, անընդհատ կարդացեք, մի դադարեք սովորել. սա է իմ մշտական հորդորը ուսանողներին»: