Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Սպենդիարյանին առնչվող նյութերի բացառիկ ցուցադրություն Երևանում

Հայաստանում սեպտեմբերի 25-ին մեկնարկած Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով բացառիկ ժամանակավոր ցուցադրություն: Այն Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ նախաձեռնությունն է: Ներկայացված էին Ալեքսանդր Սպենդիարյանին առնչվող բացառիկ բնօրինակ նյութեր՝ լուսանկարներ, նամակներ, համերգային ազդագրեր և ծրագրեր, ստեղծագործությունների առաջին հրատարակություններ, կոմպոզիտորիկյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված գրականություն, սկավառակներ, ձայնապնակներ, պաստառներ:

Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը լավ առիթ է ևս մեկ անգամ վերհանելու Սպենդիարյանի ստեղծագործությունների բարձրարժեքությունն ու համամարդկային նշանակությունը:

«20-րդ դարասկզբին Սպենդիարյանի ստեղծագործությունները հնչում էին Ռուսաստանում և արևմտաեվրոպական գրեթե բոլոր երկրներում: Կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը հենված է եվրոպական արժեքների վրա: Նա այն իր հետ բերեց Հայաստան՝ մի ուրույն կամուրջ կառուցելով հայ և եվրոպական երաժշտության միջև»,-ընդգծեց Մարինե Օթարյանը:

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը ներկայացրեց թանգարանում պահվող և ժամանակավոր ցուցադրված բնօրինակ նյութերը: Ցուցադրվող նյութերի ընտրության հարցում շեշտադրվել է եվրոպական միջավայրում Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածումը, գնահատումը և նրա ստեղծագործությունների կատարումը եվրոպացի ականավոր երաժիշտ կատարողների, դիրիժորների, պարարվեստի գործիչների կողմից:

Ներկայացված էին նյութեր՝ նվիրված Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությանը և համերգային գործունեությանը հատկապես եվրոպական խոշոր քաղաքներում՝ Բեռլինում, Միլանում, Հռոմում, Վարշավայում, Փարիզում, Ռիգայում, Հելսինգֆորսում (Հելսինկի), որտեղ կոմպոզիտորի կենդանության օրոք հնչել են իր ստեղծագործությունները:

Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ու Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը բարձր գնահատեցին միջթանգարանային եռակողմ համագործակցությունը՝ հավելելով, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։