Search
Close this search box.

Զարուհի Փոստանջյանը բաց նամակով դիմել է դեսպաններին, իրավապաշտպան կառույցներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Հայաստանում`
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոնին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիին
ՀՀ-ում ՌԴ դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ-ում Իրանի դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչին
ԵԽ գլխավոր քարտուղար տիկին Մարիյա Պեյչինովիչ Բուրիչին
24 սեպտեմբերի, 2021թ.

ԴԻՄՈՒՄ
Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն դիմումով հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից`
(միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում:

Շուրջ երկու ամիս առաջ իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` պայթեցրել և հրկիզել են ամուսնուս ավտոմեքենան, բարեբախտաբար զոհեր չկան: Առայսօր` թեպետ տեսախցիկները արձանագրել են, որ պայթունից անմիջապես առաջ ավտոմեքենային մոտեցել են երեք տղամարդ և ինչ-որ բան են տեղադրել ու հեղուկ լցրել ավտոմեքենայի վրա, ՀՀ իրավապահ մարմինները չեն ցանկանում բացահայտել մեղավորներին: Ավտոմեքենան առայսօր գտնվում է բակում և հանդիսանում է իրեղեն ապացույց, որը ըստ ոստիկանության պետք է այդպես պահել:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև իմ հանդեպ տեղի ունեցած ոտնձգությանը, որը կատարվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ի առավոտյան: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հետևելով ինձ, իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը: Առևանգման հատուկ գործողության ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքել:
Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումը ու լուսանկարներ և ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում:

Հարգանոք`
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան