Search
Close this search box.

«Ծառուկյան» խմբակցության առաջարկը մնաց սեղանին

Կառավարությունը որոշեց ձեռնպահ մնալ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկության նկատմամբ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խոսքը վերաբերում է վարձակալությամբ տրված մեքենաներին: «Պատգամավորների ներկայացրած առաջարկը վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքում կարգավորված է, և օրերս Ազգային ժողովում ներկայացվելու է նոր օրենսգիրքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Ըստ ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագծի՝ սույն փոփոխության տրամաբանության հիմքում դրված է այն պարզ ճշմարտությունը, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում:

Համաձայն գործող օրենքի՝ տրանսպորտային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վճարել իրավախախտում կատարած անձի փոխարեն, եթե մեկ ամսվա ընթացքում իրավախախտում կատարած անձը, նույն ինքը ՝վարձակալը, չի վճարում վարչական ակտի գումարը: Սա արդեն ինքին հանդիսանում է մարդու իրավունքների խախտում: Այսինքն` ապացուցելով նույնիսկ, որ իրավախախտում կատարողը տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չէ, միևնույն է մեկ այլ օրենքով նրա վրա է դրվում վարչական ակտի վճարման պարտականությունը: Մինչդեռ օրենքները մշակելիս և ընդունելիս պետք է հնարավորություններ ստեղծենք մանր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, որոնց թվին են դասվում նաև տրանսպորտային միջոցները վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, նպաստենք, այլ ոչ թե սահմանափակենք նրանց գործունեության ընդլայնմանը: