Search
Close this search box.

Ֆերդինանդը նշել է Մխիթարյանի բացակայության հավանական պատճառը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Բազելի» հետ խաղում ՄՅՈւ-ի հայտացուցակից բացակայելու վերաբերյալ:

Ֆերդինանդը կարծում է, որ Պոգբայի վերադարձն ու ցուցադրած խաղը Մոուրինյուին ընտրության այլ հնարավորություն չի թողնում, քան Մխիթարյանին կազմից դուրս թողնելը.

«Ավելի վաղ այս մրցաշրջանում Մխիթարյանը  գոլային փոխանցումներ էր կատարում, բայց երբ Պոգբան դուրս մնաց շարքից, Մոուրինյուն ցանկանում էր, որ Մխիթարյանը կատարեր Պոգբայի աշխատանքը: Պոգբան պահեր ստեղծելու տեսանկյունից շատ մեծ խաղացող է: Ռոմելու Լուկակուն ուներ մեկի կարիքը, ով իր համար պահեր կստեղծեր, Պոգբան դա անում է, իսկ Մխիթարյանը` ոչ:

Մոուրինյուն ոչինչ չի խառնում իրար, նա գիտի, թե ինչ է անում: Բոլոր քայլերը հաշվարկված են»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում «Express.co.uk»-ը:

Հիշեցնենք` Մխիթարյանն ավելի վաղ չէր ընդգրկվել նաև ՄՅՈւ-ի` ԱՊԼ-ի 12-րդ տուրի` «Նյուքասլի» հետ խաղի հայտացուցակում:

Խոսելով ՄՅՈւ-ի` «Բազելից» կրած պարտության մասին (1:0) Ֆերդինանդն անգլիական թիմի ֆուտբոլիստներին մեղադրել է պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ.

«Սա մի բան է, որը երբեք չենք ասոցացրել Մոուրինյուի թիմերի հետ, և դա պրոֆեսիոնալիզմի պակասն է: Կարծում եմ` երկրորդ կեսում կարգապահության պակաս էր նկատվում»,- ասել է Ֆերդինանդը: