Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները

Մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման աշխատանքներ: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ:

ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ՝ շինաշխատանքների հաջորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Բացի բնակելի տներից, այս պահի դրությամբ ավարտին են մոտենում համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որտեղ ընթանում են ներքին և արտաքին ներկարարական աշխատանքներ:«Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Շենքի հարակից տարածքում կառուցում ենք նաև կաթսայատուն, որը ծառայելու է ոչ միայն համայնքային կենտրոնին, այլև դպրոցին և մանկապարտեզին: Վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որը ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով լրիվությամբ նորացվել է: Ներկայումս այնտեղ ևս շինաշխատանքներն ավարտման փուլում են և հիմնականում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Մինչև տարեվերջ նախատեսում ենք շահագործման հանձնել համայնքային կենտրոնի և հանդիսությունների դահլիճի շենքերը»,-ասել է Կ. Շահրամանյանը և ավելացրել, որ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն նաև դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:

Կ. Շահրամանյանը նշեց, որ Թալիշում կառուցվող հասարակական նշանակության բոլոր շենքներն ապահովված են ապաստարաններով, որը կարող է ծառայել նաև հարևանությամբ գտնվող տների բնակիչների համար:

Բացի պետական միջոցներից, ըստ քաղշին նախարարի, Թալիշի վերակառուցման ծրագրերում ակտիվ մասնակցություն ունի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 900 մլն դրամ: Այդ միջոցներով հնարավոր է դարձել գյուղում շինաշխատանքներն ավելի ինտենսիվ դարձնել: Մարդկանց կենսագործունեության համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գրեթե ամբողջությամբ վերականգնվել են առկա ենթակառուցվածքները, բարեկարգվում են փողոցները, մայթերը, կապահովվի փողոցների գիշերային լուսավորությունը: