Search
Close this search box.

Թշնամին ուզում է մտնել Տիգրանաշեն. մենք այսօր պետք է պատրաստվենք և աշխարհազորի, և դիմադրության․ Փոստանջյան

Եթե կա վտանգ ու դու հայտարարում ես Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմի հնարավորության մասին ու ասում, որ դու ունես տեղեկություններ, ապա պետք է այս վայրկյանից սկսած աշխարհազորի մասին խոսել: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե «ոչ պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին»:

«Դու ի՞նչ ես անում, չես պատրաստում մեզ, բայց ի՞նչ ես հայտարարում՝ բացում եմ դռները, հանձնվում եմ ձեզ, թուրքե՛ր, դարձրեք Հայաստանի Հանրապետությունը թուրքական վիլայե՞թ: Փաստացի դա է ստացվում: Մենք դրա ականատեսն են լինում: Հետեւաբար, մենք պետք է հասկանանք ու դա արդեն հասկացել են սյունեցիները, որ Երեւանն է այսօր պետք է ազատագրել: Մենք այստեղ թուրքերից չենք վախենում, մենք այստեղ թուրքերի տիրապետության տակ չենք, բայց Երեւանն այսօր թուրքերի կողմից զավթված է: Հետեւաբար, Սյունիքից է սկսվելու նոր Հայաստանի վերածնունդը»,-ասաց նա:

Փոստանջյանի համոզմամբ, 2016-ին բանակը կանխեց թշնամու ներխուժումը Արցախի սիրտը. «2018-ին ես շրջել եմ ամբողջ երկայնքով Արցախի արեւելյան սահմանի, որը խախտվեց 2020-ին ու համոզվել եմ, որ պատերազմական գործողություների դեպքում մենք կարողանալու ենք պահել սահմանը, ունեի 100 հազար տոկոս համոզմունք, որ այդ սահմանը հնարավոր չէ ճեղքել: Դրա համար տեղի ունեցան հատուկ միջոցառումներ՝ բանակը գլխատելու հարցում, բանակի ոչ հնազանդ ղեկավարությունը փոխելու, ոչ պրոֆեսիոնալների փոխանցում եւ այլն, որը պետք է հանգեցներ այս ամենին: Բայց նույնիսկ դրա հետ մեկտեղ հնարավոր չէր հանձնել արցախապատկան տարածքները:

Այդ ամենի ներքո՝ դավաճանության, բանակի կազմը ոչ պրոֆեսիոնալներով փոխելու, դիվանագիտությունը տապալելուն զուգահեռ, մենք 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք տարածքային կորուստ ընդամենը երկու շրջանի: Մնացածից մենք դուրս ենք եկել այդ դավադիր ձեռքի ստորագրության պատճառով: Որ մեր բնակչությանը, մեր զինված ուժերին դուրս բերեին մեր հայրենի հողից, նրանց պետք էին այդ զոհերը: Եվ հենց այդ զոհերով էլ հիմնավորում էր՝ ես այսքան մարդու կյանք եմ փրկել: Այսինքն, զոհերը անհրաժեշտ էին, որպեսզի կարողանային հանձնել»,- ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանը հորդորում է քաղաքացիներին գնալ Տիգրանաշեն ու փորձել հասկանալ՝ ինչո՞ւ է թշնամին Երասխում լարվածություն ստեղծել. «Ուզում են մտնել Տիգրանաշեը զավթել, որպեսզի ոչ թե այնտեղ տեղակայեն խաղաղ ադրբեջանցիների, այլ՝ վարձկանների: Այդտեղ տեղակայվելու են վարձկաններ, որոնք մեր երկիրը վերածելու են Սիրիայի նման ճգնաժամային վիճակ ունեցող մի երկրի: Հետեւաբար, երեւանցիներ, գյումրեցիներ, վանաձորցիներ, գնացեք Երասխ, ձեր աչքով տեսեք ինչ է սպառնում ձեզ: Մենք այսօր պետք է պատրաստվենք եւ աշխարհազորի, եւ դիմադրության»: