Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանում սկսվել է երկու հայ գերիների դատավարությունը․ նրանց մեղադրանք է առաջադրվել «լրտեսության» հոդվածով

Ադրբեջանում այսօր սկսվել է 2 հայ գերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն): Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարության ընթացքում պարզվում են մեղադրյալների անձնական տվյալները:

Հիշեցնենք՝ «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են հրադադարի հաստատումից երկու օր անց՝ նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհին։ Մի քանի օր լուր չունենալով տղաներից, նոյեմբերի 15-ին հարազատները նրանց տեսել էինն ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերից մեկում։ Նրանք Արցախ էին մեկնել՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և օգնություն ցուցաբերելու համար։

Հավելենք, որ Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների տարբեր խմբերի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։ Արդեն նաև հրապարակված դատավճիռներ կան։ Մասնավորապես, լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, շիրակցի գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, ևս 12 գերիները՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերջինները, սակայն, հուլիսի 3-ին վերադարձան Հայաստան։