Search
Close this search box.

ՖՈՏՈ. Նոր տեղեկություններ՝ Գյումրիի Ավտոկայան թաղամասում հայտնաբերված նորածին երեխայից

Shantnews.am-ը գրում է. Այսօր առավոտյան Գյումրիի Շահումյան 188/11 տարածքից նորածին փոքրիկ է գտնվել։ Նորածնին թողել են փողոցին մոտ տներից մեկի պարիսպների խոտածածկ տարածքում՝ առանց հագուստի։

Փոքրիկին ժամը 10։30-ի սահմաններում գտել են անցորդները՝ լացի ձայնը լսելով ու շտապ բուժօգնություն կանչել։ Նրանք ու տարածքում գործող խանութի աշխատակիցները մինչ շտապօգնության հասնելը ծածկոցով փաթաթել են փոքրիկին։

Նորածնին տեղափոխել են Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բժիշկներն առաջին հերթին կարգավորել են նորածնի շնչառությունն ու ճնշումը։

Նորածինը տղա է, ով, ըստ բժիշկների, ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում։ Երեխայի մոտ արատներ, այլ հիվանդություններ նախնական զննության արդյունքում չեն հայտնաբերվել: Նա հասուն առողջական համակարգով երեխա է՝ ծնված 3 կգ 100 գրամ քաշով։

Ո՞վքեր են ծնողներն ու ինչպե՞ս է փոքրիկը հայտնվել փողոցում, ոստիկանությունում ու քննչական մարմնում դեպքի առթիվ գործ է հարուցվել։

«Երեխան ընդունվել է սառած, կապտած, սրտի տոները դանդաղած, ճնշումը ցածր։ Առաջին օգնությունը ցույց ենք տվել ու ընդհանուր անալիզ ենք կատարել, կրծքավանդակի ռենտգեն ենք արել։ Ինֆեկցիաների դեմ հետազոտություն ենք կատարել, քանի որ մտածում էինք, որ երեխան կարող է վիրուսներով վարակված լինել, քանի որ պորտալարը կտրված չի եղել, թելով կապված էր, սրանից ելնելով՝ ենթադրում ենք, որ երեխան որևէ բուժհաստատությունում չի ծնվել։ Նա մեզ մոտ կմնա հսկողության տակ, մինչև լիարժեք ապաքինումը»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժկուհի Մարգարիտա Հարությունյանը։