Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Արդեն երկու տարի է` մտածում եմ այդ մասին, բայց պատերազմից ես իմ եզրակացություններն եմ արել

Ցանկացած նյութ, որ կարող է մարդու մտքով անցնել` կաշի, քար, ոսկոր, մետաղ և այլն, նրա ձեռքերում կարող են վերածվել օգտակար մի բանի, արվեստի գործի, հիացմունքի առարկայի։ 35 ամյա Վախթանգ Հարությունյանը Սանկտ Պետերբուրգում հիմնած փոքրիկ արվեստանոցում գլուխը կախ իր գործն է անում` իր աշխարհում, որտեղ, ինչպես ինքն է սիրում ասել, պետք է անվերջ սովորել ու սովորել։ Իսկ ավանդական բուհական կրթություն նա չունի, Վախթանգի ուսուցումը արհեստանոցներում ու արվեստանոցներում է անցել` վարպետների ու ընկերների կողքին։ Իսկ այսօր նա ինքն է ուսուցանում` իր արվեստանոցում հյուրընկալելով պետերբուրգցի պատանիներին ու երիտասարդներին։

-Վախթանգ, դու սկսել ես նկարչությունից, սակայն այսօր տարբեր նյութերով ես աշխատում, ստեղծում ես կաշվե յուրօրինակ պայուսակներ, ոսկե ու արծաթե հետաքրքիր զարդեր և այլն։ Որտեղ է ավարտվում արվեստը, և որտեղ սկսվում արհեստը քո ստեղծագործական ընթացքի մեջ։

-Ես արվեստն ու արհեստը չէի տարանջատի։ Իրականում պետք է արհեստավարժ արվեստագետ լինես։ Այսինքն հնարավոր չէ լավ արվեստագետ լինել` առանց արհեստավորի սև գործը անելու։ Որքան էլ հոգումդ բարձր վեհ արվեստ ունենաս, առանց մասնագիտական հմտություններին տիրապետելու չես կարող դա արտահայտել ճշգրտությամբ։ Ես ինչ նյութով էլ աշխատեմ, անկախ նրանից` դա վաճառքի համար է, թե ուղղակի իմ համար, իմ ներքին արժեքներն եմ դնում դրանց մեջ, ու իրականում արվեստագետին ոչինչ չի մնում, բացի այդ ստեղծագործական ընթացքի վայելքը։ Իսկ հետո կվաճառվի տվյալ գործը, թե ուղղակի քո պատին կփակցվի, դրա մասին ստեղծագործելու ժամանակ չես մտածում։

-Վախթանգ, այնուամենայնիվ, դու այսօր ավելի շատ ոսկերչությամբ ես զբաղվում, քան նկարչությամբ, արդյոք դա զուտ վաստակելու համար է, թե ոսկերչությունն էլ նույնքան հարազատ է քեզ, որքան նկարելը։

– Նկարչությունը մասնագիտություն չի ինձ համար. մի քիչ ուրիշ բան է)) որտեղ շատ բաներ կարող ես ասել ու ապրել։ Երբ նկարչությունը մի օր արթնանում է քո մեջ, հետո հետապնդում է ամբողջ կյանքում։ Դա մի ուրիշ տեսողություն է, որով նայում ես կյանքին։ Կգա մի օր երևի, որ միայն կնկարեմ։ Ինչ վերաբերում է մյուս նյութերին, ես ուղղակի փորձում եմ էնպիսի զբաղմունքով գումար վաստակել, որը անմիջական կապ ունի նկարչության հետ։ Շատ վաղուց եմ սկսել տարբեր նյութերով հետաքրքվել, դա նկարչությունից ոչ թե անջատվել, այլ ավելացել է նկարչությանը։ Ես երբեք չեմ երազել հարուստ մարդ դառնալու մասին. ուղղակի կարողանալ ապրել նրանով, ինչով ուզում ես զբաղվել, բայց կոմֆորտ ստեղծելը չեմ բացառում, դրա համար էլ երևի ոսկերիչ եմ աշխատում))

-Ինչ ես կարծում` բոլոր մարդկա՞նց է տրված ստեղծագործելու շնորհքը, գուցե ամեն մեկին իր չափով, թե՞ դա միայն ընտրյալների համար է։

-Արվեստ կամ սիրում են կամ չեն սիրում։ Ապրել ստեղծագործելով` երևի բոլորին է տրված։ Ես չեմ կարծում դա յուրահատկություն է։ Բայց որակի հասնելը պահանջում է երկար ու բարդ ճանապարհ։ Փոքր ժամանակ բոլորն էլ նկարում ու ստեղծագործում են. դա բոլոր մարդկանց մեջ դրված է` հոգուց եկող։ Հետո որոշներին սկսում է այնքան դուր գալ իր տեսածն ու գտած արտահայտչամիջոցը (տվյալ դեպքում` նկարելը), որ նա պատրաստ է լինում դրա համար զոհողությունների գնալ, և արդյունքում, իրենց էլ հենց անվանում են արվեստագետ)։ Բայց մեծ հաշվով` բոլոր մարդիք էլ արվեստագետ են իրենց կյանքում, բոլորն էլ ունակ են սիրուն սիրել ու սիրուն տեսնել, հարցն այն է` թե ոնց կարտահայտես դա, որքանով արհեստավարժ ու հմուտ։

-Վախթանգ, դու ծրագրել ես նման մի արհեստանոց էլ Հայաստանում բացել` քո հայրենի Սպիտակ քաղաքում, որպեսզի հայ պատանիներն էլ, ովքեր ունեն ստեղծագործական շնորհք ու սեր, հնարավորություն ունենան մասնագիտություն ձեռք բերելու։ Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը, և ինչն է խանգարում քեզ հիմա ի կատար ածել դա։

– Մետաղագործության շնորհքը կա մեր հայերի մեջ, իսկ մեր մարզերում պատանիների ու երիտասարդների համար սովորելու հնարավորությունները շատ սահմանափակ են, հոգսը շատ է, ապրուստ չկա, համապատասխան կրթօջախներ էլ չկան։ Բայց այնքան վառ երիտասարդություն կա, այնքան շնորհքով։ Կարող ենք սկսել, օրինակ, ոսկերչությունից, սովորեցնել նրանց մեր հին արևմտյան Հայաստանի զարդարվեստը, մեր սիմվոլիկաները, կարող ենք միասին մեր հին հայկական զարդերը նորովի ներկայացնել։ Ես շատ եմ ուզում, որ հատկապես մարզերի երեխաների համար այդ ուսուցումը անվճար լինի, բայց դրա համար մի քիչ ներդրում է հարկավոր, և քանզի դեռ այդ հարցը լուծված չէ, չեմ կարողանում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր սկսել։ Առայժմ դա նպատակ է ինձ համար` մեծ նպատակ։

-Վախթանգ, հայրենիքում բարի գործ անելու, երիտասարդներին, այսպես ասած` ոտքի կանգնելու հնարավորություն բացելու միտքը քեզ մոտ երբ ծնվեց, գուցե պատերազմից հետո՞, որովհետև այսօր շատերիս կյանքը կարծես բաժանված լինի երկու մասի` պատերազմից առաջ ու պատերազմից հետո։

– Ոչ, արդեն երկու տարի է` մտածում եմ այդ մասին, բայց պատերազմից ես, իհարկե, իմ եզրակացություններն եմ արել։ Նախ այն, որ մենք մեր վրա պետք է շատ աշխատենք` սկսած ինձնից, ամեն մեկս մեր տեղում մեր գործի մեջ հիմա պետք է ավելի շատ աշխատենք, ջանք թափենք։ Այս պատերազմում ի՞նչը հաղթեց` գիտությունը, նորարար տեխնիկան։ Ուրեմն մենք պետք է զարգանանք` միաժամանակ հրաժարվելով բնավորության որոշ գծերից, որ հարիր է մեզ` պարծենկոտությունից, ստից, ինքներս մեզ հետ գոնե պետք է անկեղծ լինենք։ Եվ անպայման պետք է դիվանագիտության զարգացման վրա աշխատենք` գնահատենք մտածող մարդկանց, պահենք նրանց երկրում։ Հերիք է մեռնել հայրենիքի համար, զոհաբերել սերունդներ։ Ժամանակն է սովորենք` ապրել հայրենիքի համար։

Հարցազրույցը վարեց Armlife-ի փարիզյան թղթակից Գոհար Ավագյանը