Search
Close this search box.

Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Փաշինյանը

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

«Ես փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ, դրա համար ինձ ժամանակ է պետք, մեր հանձնաժողովին չի տրվել այդ փաստաթուղթը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Թե ինչպես է ծանոթանալու այդ փաստաթղթին, երբ Նիկոլ Փաշինյանն այն արդեն պատրաստվում է ստորագրել, ավելին՝ հանձնաժողովին չի ներկայացվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե բոլոր միջոցոներով կծանոթանա փաստաթղթին։

«Այս պահին ես տեղյակ չեմ, հաջորդ պահին տեղյակ կլինեմ, վարչապետը տիրապետում է փաստաթղթի բովանդակությանը, նիստից իմացա, որ նման փաստաթուղթ կա, դա առաջարկ է, որտեղ վարչապետը խոսել է առաջարկի մասին։ Կարծում եմ՝ ընթացքում դուք կունենաք տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է, ինչ քննարկումներ պետք է լինեն, բնականաբար, կլինեն նաև աշխատանքային քննարկումներ, թե ինչ ճանապարհով՝ կտեսնենք, թե որ ճանապարհն է պատգամավորին տալիս թույլտվություն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած հակահայկական փաստաթղթին, որը, ըստ Մինասյանի՝ պատրաստվում է ստորագրել Փաշինյանը։

«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սևով փակած է: Եվ դա ներկայացվում է՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:

Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն է: Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:

Այն լուծումները, որոնք, մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Միքայել Մինասյանն էլ նիստից հետո գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք»։