Search
Close this search box.

Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք, նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն. Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է կատարել

Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք, նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին`Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- ասված է Մակրոնի գրառման մեջ:
Ֆրանսիայի նախագահի գրառումը հայերեն է:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել է Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: