Search
Close this search box.

Ինչ կփոխի Տարոն Մարգարյանի կյանքում 575 հազար դրամը

Մամուլը գրեց, որ «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Ամանորի նախաշեմին, որոշել է ինքն իրեն պարգեւատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգեւատրել է նաեւ իր տեղակալներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգեւատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզված է, որ ինքն արտակարգ լավ է աշխատում, այնքան լավ, որ արժանի է պարգևատրման: Մարգարյանը համոզված է, որ հրաշալի է աշխատել ամբողջ տարվա ընթացքում, այնքան հրաշալի, որ տարվա ավարտին դեռ ամիս ու կես կա, բայց նա Ամանորի առթիվ ստորագրել է համապատասխան կարգադրություն, որով ինքն իր անձը ներկայացնում է դրամական խրախուսման: Ըստ այդմ՝ քաղաքապետն ու իր տեղակալները անզուգական նվիրումի և հայրենիքին մատուցած ծառայությունների համար կպարգևատրվեն մեկ ամսվա աշխատավարձի չափով: Տեղեկացնենք, որ պարոն Տարոնի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443 հազարական դրամ:

Այն, որ մարդն ինքն իրեն կարող է խրախուսել, սա դեռ ամբողջ աբսուրդը չէ, թեև հետաքրքիր է իմանալ՝  հատկապես ի՞նչ չափանիշներից ելնելով է կատարվում այդ ինքնագովերգումը և եսակենտրոն առատաձեռնությունը տարին քանի՞ անգամ կարող է կրկնվել: Բայց սրա հետ մեկտեղ վատ չէր լինի, եթե իմանայինք, թե Տարոն Մարգարյանն ու մյուսներն այդ փողերն ի՞նչ են անելու: Գաղտնիք չէ, որ հիշյալ անձինք վաղուց ի վեր դոլարային միլիոնատերեր են, և այդ մի քանի հարյուր հազարը հաստատ այն գումարը չէ, որ ինչ որ մեկին փրկեր դռանը չոքած սովից: