Search
Close this search box.

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել են 20-ից ավել պարկուճներ

Այսօր՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավել կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Փաստի առթիվ Դ. Բարոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանի և Վահե Սամսոնյանի գլխավորությամբ: Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Վաղարշապատի դատախազ Կարեն Խաչատրյանը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Դ. Բարոյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը: Ժամանել ե նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանն ու երկրորդ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: