Search
Close this search box.

Ալևիը սահմանը խախտել է ու հայկական տարածքում նկարվել

Ալիեւը մեր համարակալած ծառերի տակ է նկարվել. նա եղել է Արցախի բնապահպանության կոմիտեի «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսիների պուրակ» արգելավայրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահրամ Հայրապետյանը՝ հավելելով, որ դա ընկնում է Կովսականի (Զանգելան) տարածքում:

«Այն ձգվում է Ծավ գետի ափին, Ներքին Հանդից գալիս էդտեղով անցնում է: Մենք սոսիների պուրակում բավականին աշխատանքներ տարել ենք: Հայտնի լուսանկարում եթե ուշադիր նայեք, թիթեղ կա կպցրած: Դա մեր համարակալածն է: Ես չգիտեմ, գուցե իրենք ֆոտոշոփ են արել ծառի շուրջը, բայց որ ծառը մերն է, դա հաստատ է:

164,5 հա տարածք միայն մեր ՊՈԱԿ-ինն է եղել, մեր «Սոսիների պուրակն» է եղել: Այսինքն պետական արգելավայրից մեր ՊՈԱԿ-ի բաժինը այդքան է կազմել»,-ասաց նա:

Վահրամ Հայրապետյանի խոսքով, իրենց արգելոցի մի եզրը եղել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մոտ, այդտեղից 164 հա ձգվել է մինչեւ Կովսականի (Զանգելան) վերին հատվածը:

«Մեր ՊՈԱԿ-ը ձեւավորվել է 2018-ի մայիսի 11-ին Արցախի կառավարության որոշմամբ: Մենք «Սոսիների պուրակ» պետական արգելավայրում 2,5 տարիների ընթացքում 2563 սոսի, 85 ընկուզենի, 38 ուռենի, 25 թխկի և 33 կաղնի (արաքսյան) ենք համարակալել»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի ու Որոտանի շրջաններ է այցելել Ալիեւների ընտանիքը։ Նրանք գրկել են Սոսու ծառը եւ լուսանկարվել։ Այդ լուսանկարը քննարկման առիթ է դարձել համացանցում։

Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր պնդում են, որ դա «Սոսիների պուրակն» է, որը դեռեւս դեկտեմբերի 18-ին հանձնվել էր Ադրբեջանին։

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ այդ առնչությամբ պարզաբանում է տարածել, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։