Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի դաշտում մի երիկամը կորցրած 19-ամյա զինվորը հաշմանդամության կարգ չստացավ. չափորոշիչն է այդպես

Արմեն Հակոբյանը 8 ամսվա զինծառայող էր, երբ Արցախում սկսվեց պատերազմը: Ժամկետային զինծառայողն առաջին օրվանից եղել է առաջնագծում, մասնակցել ռազմական գործողություններին: Վիրավորվել է հոկտեմբերի 14-ին, Հադրութում: ArmLife.am-ի հետ զրույցում մայրը պատմում է, որ որդին հրաշքով է փրկվել և երբ նրան Հադրութից տեղափոխել են Ստեփանակերտ՝  արդեն 4,5 լիտր արյուն է կորցրել, անգիտակից վիճակում՝ միայն սիրտն է բաբախել:

Ականապայթյունային բեկորային վիրավորում՝  աջ երիկամի վնասումով և ներքին արյունահոսությամբ, նաև դաստակի բեկորային վիրավորում, աջ թոքի վնասում: Ստեփանակերտում բժիշկները ցուցաբերում են առաջին բուժօգնությունը՝ երկրորդ կյանք տալով զինվորին, անմիջապես հեռացնում են  Արմենի մի երիկամը, այնուհետև տեղափոխում Երևան: Երևանում նույնպես զինծառայողը մի քանի վիրահատությունների է ենթարկվում, այնուհետև առողջական խնդիրների պատճառով զորացրվում է՝ ազատվելով զինվորական ծառայությունից:

Հաշմանդամության կարգ ստանալու նպատակով Արմենը դիմել էր բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակ, հանձնաժողովը ուսումնասիրել էր  փաստաթղթերը ու մերժել, հանձնաժողովի որոշումը մայրը բողոքարկել էր, բայց վերափորձաքննության բաժինը կրկին մերժեց նույն հիմնավորմամբ՝ թեև աջ երիկամը հեռացվել է, սակայն ձախ երիկամը առողջ է և նրա ֆունկցիան խանգարված չէ:

ArmLife.am