Search
Close this search box.

ՖՈՏՈ․ «Գազպրոմ Արմենիան» ասում է, որ եթե թուրքը ձեզանից խլել է ձեր երեխաներին, մենք էլ կխլենք ձեր տունը, ունեցվածքը․ անհետ կորածների ընտանիքները Գազպրոմից ծանուցումներ են ստանում

Հարյուրավոր անհետ կորածների ծնողներ արդեն հինգ ամսից ավելի կորցրել են իրենց անդորրն ու հոգեկան հավասարկշռությունը: Այդ մարդիկ այլևս չեն ապրում իրենց առօրյա կյանքով. նրանց օրն սկսվում և ավարտվում է իրենց երեխաների մասին որևէ տեղեկություն ստանալու պայքարով:

Անհետ կորած տղաների ծնողների մեծ մասը զրկվել է աշխատանքից, ապրուստի միջոցներից, որովհետև նրանց այս կյանքում այլևս ոչ մի բան չի հետաքրքրում, նրանց կյանքի իմաստն ու նպատակը դարձել է իրենց զավակներին գտնելը` ողջ, թե զոհված: Պետությունն ու հասարակությունն առանձնակի հոգածություն պետք է դրսևորեն այդ մարդկանց նկատմամբ, հասկանաով այն հոգեվիճակը, որում նրանք գտնվում են, ըմբռնելով, որ այդ մարդկային մեծ ողբերգությունը կարող էր լինել յուրաքանչյուրինը:

Ցավոք, շատ հաճախ մենք ականատեսն ենք լինում բոլորովին այլ պատկերի, երբ մտածում ես, որ բարոյական և մարդկային արժեքները ընդհանրապես ոչնչացված են ու միակ սրբությունը, որ մնացել է` փողն է, որը շատերի համար դարձել է պաշտամունքի միակ առարկան:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ծանուցումներ է ուղարկում անհետ կորածների ընտանիքներին` զգուշացնելով, որ եթե եռօրյա ժամկետում չվճարեն պարտքը, ապա բռնագանձումը տեղի կունենա դատարանի միջոցով՝ հարկադրանքի կիրառմամբ: «Գազպրոմ Արմենիան» ասում է, որ եթե թուրքը ձեզանից խլել է ձեր երեխաներին, մենք էլ կխլենք ձեր տունը, ձեր ունեցվածքը: Այդպես լավ չի, միանգամից գազվի կամերաներ սարքեք ու այդ մարդկանց մտցրեք դրանց մեջ ու խեղդամահ արեք: Այդպես ավելի հումանիստական կլինի, մարդիկ գոնե քիչ կտանջվեն:

«Գազպրոմ Արմենիան», իհարկե, ընկերություն է, այսպես կոչված իրավաբանական անձ, որը չունի հոգի և մարդկային արժեքներ, բայց այդ իրավաբանական անձի հետևում կանգնած են շատ կոնկրետ անձինք, մարդիկ, ովքեր ունեն ընտանիքներ, ունեն երեխաներ, որոնց հետ երևի երեկոյան հացի սեղան են նստում, ինչ որ բաներից են խոսում ու հետո գնում են քնելու, որ առավոտը շուտ արթնանան ու գնան աշխատանքի: Ու սրանց մտքով չի էլ անցնում, որ կան մարդիկ, ովքեր զրկված են իրենց երեխաների հետ նստելու, խոսելու, ճաշելու պարզ մարդկային հնարավորությունից, որովհետև նրանց երեխաները անհետ կորած են, ու ծնողները նրանց են անհույս փնտրում ու չեն հանդարտվելու, քանի չեն գտել:

Սրանց մտքով չի էլ անցնում, որ այն հացը, որ իրենք տուն են տանում ներկված է անհետ կորած զինվորների արյունով, որովհետև նրանց ծնողներից խլված փողով է գնվել: Ու այդ հացը անպայման մի որ մնալու է իրենց կոկորդին, խեղդելու է սրանց: Գազվի կամերա սարքողների ու մարդկանց գազվի կամերա քշողների ճակատագիրը «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները թող աչքների առաջ ունենան: Սա անեծք չի, այլ պարզ հիշեցում՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:
ArmԼife.am