Search
Close this search box.

Չի կարելի մարդուն ասել՝ այսօր էլ վատ ապրի, 2-3 տարի հետո մի բան կանենք. Սերգեյ Բագրատյան

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ 2018թ. բյուջեի ուղերձն անիրատեսական է. «Երբ բյուջեի հիմքում դնում ենք հետևյալ գաղափարախոսությունը, որ 3 տարի մենք դժվարությամբ պետք է առաջ գնանք և ստեղծենք կապիտալ, հնարավորություններ, ներդրումներ, որպեսզի 4-5 րդ տարում հաջողություններ արձանագրենք՝ թոշակ, աշխատավարձ  բարձրացնենք, այստեղ մենք ուղերձի քաղաքական սխալ ենք թույլ տալիս, որովհետև ուղերձներում չի կարելի ռիսկերն այդքան բարձր պահել: Չի կարելի մարդուն ասել՝ այսօր վատ ապրի, վաղը վատ ապրի, 2-3 տարի հետո մի բան կանենք: Ակամայից հիշում ես Կոմս Մոնտե Քրիստոյի խոսքերը՝ «սպասել և հուսալ»: Բայց այս ժողովուրդն այլևս սպասելու տեղ էլ չունի, հույս էլ չունի, թունելի վերջում ՝ լույս չի տեսնում», -նշեց նա ՝ շարունակելով, որ տարիներ շարունակ անվստահության մեսիջներ ու ալիքներ ենք հղում հանրությանը:

«Մեր հարգարժան փոխվարչապետը ասում է՝ «Մենք գիտենք, որ թերություններ կան: Կրթության ոլորտում թերություններ կան՝ թերֆինանսավորում է, բայց դրանք ուղղելի են»: Հարգելիս, բայց պետք է մտածենք, որ այս ուղերձը՝ քաղաքական է, չի կարելի տնտեսության մեջ՝ կրթության և առողջապահության խնդիրներն այնքան անտեսել, որ ուղերձում հասկանալի դառնա, որ մենք առաջիկա մի քանի տարում ցանկանում ենք ունենալ անգրագետ և հիվանդ սերունդ: Ես, որպես շտկում, կուզենայի տեսնել, որ այդ 600 մլն դրամ կրթության պակասը լրացնեք»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ նույն է նաև պատկերը առողջապահության ոլորտում:

Ս. Բագրատյանը  առողջապահության ոլորտում՝ միջոցների կրճատման ենթատեքստում, վտանգ է տեսնում.«Դուք մարդկանց ասում եք, որ արտագաղթը հաշվարկել եք, քիչ հիվանդ կունենանք և քիչ միջոց եք հատկացնում: Դուք, անուղղակի, փաստում եք արտագաղթը»:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Վրաստանի բյուջեն հասել է 5 միլիարդ դոլարի, մինչդեռ մենք դոփում ենք դեռ 2.5 մլրդ-ի շրջանակներում. «Մենք պետք է նաև պատվախնդրություն ունենանք՝ մեր գործողությունների և քաղաքականության մեջ»:

Սերգեյ Բագրատյան 2018 թ. պետական բյուջեի նախագծում չի տեսնում նաև կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի ուժ և հնարավորություն. «Ամենևին համաձայն  չեմ հակակոռուպցիոն մարմնի կազմին՝ վարչապետ, նախարարներ… Հակակոռուպցիոն մարմինները պետք է ստեղծվեն հասարակական կազմակերպությունների միջոցով՝ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կազմով համալրված: Ձեր աշխատանքը՝ դուք, ինչպես կարող եք ստուգել և ասել՝ մենք լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք հայտնաբերել կամ հակառակը: Մենք, ինչպես պետք է հավատանք, երբ դուք ասում եք՝ վստահեք կառավարությանը: Ինչպես կարելի է վստահել մի կառավարությանը, որն իրեն ստուգողին, իրեն վերահսկողին նշանակում է իր կաբինետի աշխատողին»,- իր մտահոգությունը հայտնեց պատգամավորը, ում համար  կարևոր է բյուջեի փիլիսոփայությունը: Ս. Բագրատյանի համոզմամբ՝ մենք պետք է բյուջեյով հասարակությանը վստահության, հույսի, հավատի մեսիջ ուղարկենք՝ փաստելով կատարած քայլերի ճշմարտացիությունը. «Եվ ոչ թե մենք թողենք մեծն Դյումայի հույսին՝ «սպասել և հուսալ»»,-եզրափակեց պատգամավորը:

ArmLife.am