Search
Close this search box.

ՌԴ նախագահին ասել եմ՝ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով. Փաշինյան

Վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով Արցախի նախագահի, ԶՈՒ ԳՇ-ի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնել հրադադարի: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020 թվականի հոկտեմբերի 19-ից առաջ եւ հետո տեղի ունեցած զարգացումներին:

«Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Նիստին մասնակցել են նաև ընդդիմադիրները, որոնց ասել եմ, որ հրավիրել եմ, ոչ թե իրենց հետ պատասխանատվություն կիսելու, այլ նրանց տեղեկացնելու համար, որովհետեւ այդ պահին ես չէի կարող հրապարակային հայտարարություն անել տեղի ունեցողի վերաբերյալ, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդուներ մեր առաջարկը, այդ հայտարարությունները ընդհանուր իրադրության վրա դրական չէին ազդելու: ԱԽ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահն ու Կաթողիկոսը:

Նույնը օրը հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ու էլ տեղեկացրել եմ իրավիճակի մասին:

Դրանից հետո համաձայն պայմանավորվածության ես զանգել եմ ՌԴ նախագահին ու ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որը նախկինում էլ միջնորդների կողմից ՀՀ-ին առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով: Մենք մանրամասն քննարկում ենք ունեցել Պուտինի հետ, եւ ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել եւ արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ նույն կերպ ենք ձեւակերպում կամ ունենք ընդհանուր ձեւակերպում իրադրության հաղթահարման»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այնտեղ փախստականների վերադարձի, ադրբեջանցի ներքին տեղահանվածների ԼՂ վերադարձ հարց է եղել. «Ես ասել եմ, որ մենք այդ հարցի հետ առարկություն չունենք ու չենք ունենա, եթե հարցն ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ: Դրանից հետո ՌԴ նախագահն ունեցել է խոսակցություն Ալիևի հետ, որի արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեջ պահանջը: Երկրորդ, պահանջում է որպեսզի ներքին տեղահանվածների վերադարձի հարցը որեւէ ձեւով չկապվի ԼՂ կարգավիճակի ճշգրտման հետ: Նաև մի նոր դետալ կա, որի մասին ես նախկինում չեմ ասել, նաև ակնկարկ է եղել, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձեւով տարածքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ»:

Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը պատերազմից առաջ էլ, ընթացքում էլ չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը. «Սա եղել է, ուշադրություն դարձրեք, 2016 թվականի Ապրիլյան 4-օրյա պատերազմի ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում իր կատարած հայտարարությունը, որտեղ ներկայացրել է, որ Հայաստանի առաջ պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ կարգավիճակային ճշգրտման:

«Մենք ԼՂ հարցի կարգավորումը ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական եւ հետպատերազմական վիճակում: Ինչ հիմքեր ունեմ նման բան հայտարարելու: Սա ապացուցվում է 2018-ի ապրիլի 17-ին վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած երկու հայտարարությունները: Այդ օրը ԱԺ-ում Սերժ Սարգսյանն ասել է. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ ասած, այդ գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետեւ այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի կնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

Նույն օրը Սերժ Սարգսյանն ասել է. «Նախ պետք է ասեմ, որ ապրիլյան պատերազմը եւ անակնկալ էր, եւ անակնկալ չէր, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ եւ չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ: Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլեւս գոնե շատ տեւական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դեռ 2017ճ-ին ունեցել ենք մի վիճակ, որ Հայաստանը հասել էր իր կարմիր գծերին, դեռ մի բան էլ հատել էր դրանք: