Search
Close this search box.

Հարուցվել է քրեական գործ. հայտնի է, թե չեմպիոնի նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել

Արշակունյաց պողոտայում ապրիլի 12-ին, ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին վրաերթի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

ՔԿ հաղորդագրության համաձայն, 2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ծնված բնակչին՝ անզգուշությամբ պատճառելով մահ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Արմավիրի մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: