Search
Close this search box.

Ինչ ենք անում վաղը Սյունիքի հարցում, եթե Ռուսաստանը գնում է նոր փոխանակման

Օրերս ազդարարվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և կառավարության միջոցներով Արցախում կիրականացվի բնակարանաշինության աննախադեպ՝ մոտ 200 միլիոն դոլարի ծրագիր, կկառուցվի մոտ 5 հազար բնակարան: Արցախի վերականգնումն ու բնակեցումը կարևորագույն ոչ միայն մարդասիրական, այլև ռազմա-քաղաքական խնդիր է: Խնդիր, որը նոր չէ ամենևին: Այդ խնդիրը ըստ էության տապալվել է նախապատերազմական մոտ երեք տասնամյակի ընթացքում՝ առաջին հաղթանակից հետո: Արցախը կառուցվել է, Արցախում իրականացվել են ներդրումներ, Արցախում իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, սակայն հանրագումարում այդ ամենը բոլորովին համարժեք չի եղել այն խնդիրներին, ռազմավարական մարտահրավերներին և անելիքներին, որ եղել է հայկական պետականության առաջ, դրա շուրջ:

Այլ կերպ ասած, առաջին պատերազմից հետո վերակառուցել ենք 150 հազար բնակչությամբ Արցախ՝ առնվազն 300 հազար բնակչությամբ Արցախ կառուցելու փոխարեն: Դա հե՞շտ խնդիր էր: Իհարկե, ոչ: Մյուս կողմից՝ նայած, թե ինչ դիտանկյունով կնայենք այդ խնդրին: Արդյո՞ք մոտ տասը միլիոն աշխարհասփյուռ հայության համար անլուծելի կամ ծանր խնդիր էր 300 հազար բնակչությամբ Արցախ կառուցելը: Սակայն ներկայումս, իհարկե, թերևս ավելորդ է քննարկել, թե ինչ չի արվել, և ինչու չի արվել նախորդ մոտ երեք տասնամյակի կամ քառորդ դարի ընթացքում:

Այժմ պետք է քննարկել պատերազմից հետո ստեղծված իրավիճակում անելիքները, և Արցախում բնակարանաշինության աննախադեպ ծրագիրը պետք է ուղեկցվի թերևս Արցախում բնակեցման աննախադեպ մասշտաբներով: Իհարկե, սա չի նշանակում, որ ինքնին այսօր Արցախում ապրող մարդանց համար չպետք է լինի բնակարանային պատշաճ ապահովում: Բայց ամբողջ հարցն այն է, որ պետք են ապրողներ: Ընդ որում, ոչ միայն ֆիզիկապես ապրողներ, այլև առաջին հերթին մոտիվացվածությամբ: Մարդիկ, որոնք կտեսնեն հեռանկար Արցախում ապրելու համար: Սա բարդ խնդիր է, սակայն Արցախը պահելու համար այն չունի այլընտրանք:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի Արցախի անվտանգության այլընտրանքային բազմաշերտ միջազգային համակարգ, որը կներառի թե՛ ռուս խաղաղապահների և թե՛ այլ ուժային կենտրոնների ներառող մեխանիզմներ, որոնք միմյանց փոխլրացնելով կստեղծեն բազմաշերտ համակարգը: Այդ ամենն, անշուշտ, պետք է հիմնված լինի հայկական պետականության առավելագույն ինքնաբավությամբ անվտանգային կարողության վրա: Այսինքն՝ Հայաստանը պետք է առավելագույնս արագ վերականգնի Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը և գործունակությունը: Բայց դա անելն էլ Հայաստանից պահանջելու է այլընտրանքներ:

Աշխարհաքաղաքական առկա իրողությունների տրամաբանության պայմաններում այդ խնդիրը լուծել միայն Ռուսաստանի տարբերակով, թերևս անհնարին է: Որովհետև մենք, օրինակ, պետք է մի պարզ հարց տանք թեկուզ Սյունիքի առումով, որում անվտանգային ռուսական կամ հայ-ռուսական մեխանիզմների ներգրավման մասին խոսակցությունը մտնում է նոր փուլ:

Անկասկած է, որ այսօր մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ Ռուսաստանի հետ: Բայց մենք այսօր արդեն պետք է մտածենք, թե ինչ ենք անում վաղը, եթե Ռուսաստանն էլ Կովկասում շարունակում է աշխատել գլխավորապես Թուրքիայի հետ և այդ աշխատանքի արդյունքում գալիս Կովկասում հերթական տարածքային փոխանակման կամ բաժանման շուրջ համաձայնության, տալով Սյունիքն ու դրա դիմաց ինչ-որ բան ստանալով Կովկասի այլ հատվածում:

Մենք բացառո՞ւմ ենք այդ հեռանկարը: Մենք ունե՞նք այդպիսի հեռանկար բացառելու իրավունք, առավել ևս հիմք, այն ամենից հետո, ինչին ականատես եղանք Արցախի դեմ 44-օրյա պատերազմում: Հետևաբար, մենք այսօր աշխատում ենք Ռուսաստանի հետ՝ այստեղ չկա քննարկման հարց, բայց ի՞նչ ենք անում, օրինակ, Սյունիքի հարցում ռազմավարական վաղը, եթե Ռուսաստանը դարձյալ ավելի շատ աշխատում է Թուրքիայի հետ:
1in.am