Search
Close this search box.

Ամենաքիչը 1 կիլոմետր հեռու պետք է լինեն ադրբեջանցիները մեզնից. Շուռնուխի գյուղապետը մտահոգված է , որ մարդաորս կսկսվի

Շուռնուխում և Սյունիքի՝ սահմանամերձ դարձած մյուս համայնքներում անվտանգությունն ապահովելու համար պետք է բուֆերային գոտիներ ստեղծել։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ «Բուֆերային գոտի պիտի ստեղծվի, ամենաքիչը 1 կիլոմետր հեռու պետք է լինեն ադրբեջանցիները մեզնից»,- ասաց նա։

Ըստ համայնքի ղեկավարի՝ այս փուլում հնարավոր է այդ հարցերը բարձրացնել, քանի որ դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներ դեռ չեն իրականացվել Սյունիքում։ «Ասում են՝ դեռ վերջնական սահմանները գծված չեն, ուրեմն շանս կա էլի, հույս ունենանք»,- հավելեց Արշակյանը։

Նշենք, որ օրերս ադրբեջանցիները տարել են Շուռնուխի բնակիչներից մեկի 13 կովերը և չեն վերադարձնում։ «Իմ կարծքին էն ա, որ չեն տալու։ Թուրքի ձեռքը կով ա ընկել, որ տա մե՞զ, չի տալու։ Իրենք չեն էլ խոստովանում, որ կովերն իրենց մոտ են, ընդամենն ասում են՝ կգտնենք, կվերադարձնենք»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ միջադեպի մասին գյուղացիները տեղյակ են պահել հայ սահմանապահներին, նրանք էլ դիմել են ռուս սահմանապահներին, նրանց միջոցով փորձել հետ բերել կովերը։ «Մի անգամ թույլ են տվել, մեր սահմանապահը ռուսի ու անասնատիրոջ հետ մտել է, օրվա վերջ է եղել, մութն ընկել է, ասել են՝ թողնենք վաղվան։ Ու վաղը մինչև էսօր ձգձգվում է, արդեն 10 օր է։ Էլ ոչ էլ թույլ կտան, որ մտնենք իրենց տարածք»,- մանրամասներ ներկայացրեց գյուղապետը։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ նման դեպքեր պարբերաբար կարող են կրկնվել, հատկապես որ եղանակն արդեն տաքացել է, մարդիկ կենդանիներին արոտ են տանում, բուսականությունն ու անտառներն էլ խիտ են։

«Եթե անասունը թեքվեց, անցավ էն կողմը, ու դու չնկատեցիր, նամանավանդ անտառախիտ հատված է էդ տարածքը, մարդու էլ կարան տանեն։ Ծառերի կանաչը որ եղավ, արդեն մարդաորսն էլ կսկսվի»,- հավելեց Շուռնուխի գյուղապետը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցած միջադեպի հետևանքով գյուղացիների մոտ «կայուն մանթրաշ վիճակ է»։ Բայց խուճապ չկա։

«Ոչ մեկը գյուղը չին լքում, առօրյա վիճակ է, ուղղակի մարդիկ ավելի զգոն պետք է լինեն։ Մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, արոտավայրերը կրճատվել են։ Խոտի պակաս կա, էն ժամանակ, որ եղանակները լավ էր լինում, օրական հանում էին իրենց անասուններն արոտի։ Էս տարի տենց բան չկա, և հիմա խոտի պաշարն էլ է վերջացել, անասունների գլխծաքանակն էլ է պակասում, վաճառում են»,- նշեց նա։