Search
Close this search box.

էսօր իմ ընկերն ասեց, որ ստից թուրքերին ու իսկական թուրքերին մերոնք լավ ծեծել են

Ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանի ֆեյսբուքյան էջից․

Նարեկը նոր էր սկսել առաջին դասարան գնալ, երբ պատերազմը սկսեց։ Իմ այբբերանի հանդեսն էլ չկայացավ, որովհետեւ էլի պատերազմ էր։ Նարեկը դարձավ իմ մղձավանջի լուռ ականատեսն ու ամենաջերմ կարեկիցը։
-Մամ, էլի լացե՞լ ես։
-Չէ։
-Խաբում ես։
-Չեմ խաբում, ուղղակի ուզում էի թաքցնել։
-Իզուր ես լացել, էսօր իմ ընկերներից Սեմն ասեց, որ ստից թուրքերին (նկատի ունի ադրբեջանցիներին) ու իսկական թուրքերին մերոնք լավ ծեծել են։
-Հա՞ որ։
-Դե հա, քո ընկերները Հայաստանից երեւի, էդ ոնց ասեցի՞ր, խաբելու մյուսը։
-Թաքցնել։
-Հա, էդ էլի, թաքցրել են։ Բայց Սեմի պապան ճիշտն ա ասել, որովհետեւ պապաները երեխաներին երբեք չեն խաբում, էդ մյուսից էլ չեն անում։
-Սեմն ասեց, որ Երեւանն ու Գյումրին մերն են, էլ խի ե՞ս լացում։
-Էդ քիչ է Նար, քիչ ա, քիչ։
-Դե դու միշտ ասում ես, քիչն էլ ա լավ։
***

Պատերազմից հետո։
-Մամ, ես որոշել եմ զինվոր դառնալ։
-Հա, Նար, ապրես, լավ բան ես որոշել։ Ապրես, տղաս։
-Բայց որ մեռնեմ՝ չլացես։
-Բայց խի մեռնես։ Զինվորը հաղթելու համար ա, Նարեկ։
-Լավ կհաղթեմ, նոր կմեռնեմ, բայց դու չլացես։
-Չէ, երեւի լավ չհասկացանք իրար, հիմա քնի, հետո կորոշենք։
***

-Մամ, սաղ օրը ասում ես Նարեկ, հասկանում ես պատերազմ ա, լավ չեմ, գլուխս ցավում է։ Բայց չես հասկանում, որ «կրվողին» պետք է ձեռքով շնորհավորել։
-Նարեկ, էս ֆուտբոլ կամ իմացածդ խաղերից չի։ Պատերազմն ուրիշ բան ա։
-Դե հա, բաց դու ասում էիր, որ երբ փոքր էիր, էլի պատերազմ էր, ու մերոնք հաղթեցին, հիմա՝ կրվեցինք, հաջորդին՝ կհաղթենք նորից։
-Չէ Նարեկ, պատերազմ թող չլինի։
-Մամա, ես պարապում եմ, գանտելով պարապում եմ ու ուժեղ եմ։ Որ լինի էլ՝ էս անգամ կհաղթենք։
-Չէ, Նարեկ։
-Ինչ ասում եմ՝ ասում ես չէ։ Մի օր կլինի հա՞ ասես։
-Հա։
-Ե՞րբ։
-Արդեն ասեցի։
-Ուֆֆֆֆֆֆֆ։

Նարեկին էսօր ասեցի լավ մարդ պիտի լինես։ Ասաց ամեն օր նույն բանն ես ասում, էսօր ծննունդս է, ուրիշ բան ասա։ Ասեցի քեզ կարոտում եմ, նույնիսկ երբ կողքիս ես։ Ասաց, դե երբ ուզում ես գրկիր ինձ։ Տենց էլ արեցի։
Հ.Գ. 7 տարի առաջ այս օրը ես աշխարհի ամենաերջանիկն էի։ Նարեկն էր ծնվել։