Search
Close this search box.

Դարձել ենք առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն. Դպրոցի տնօրենը՝ սկանդալի մասին

Տեղեկություն էր տարածվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում աշակերտները առաջին դասարանցի Մ.Ա. Ս.-ի ձեռքերը «սկոտչով» կապել են ու կտրել թարթիչները, երեխայի մայրն էլ հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել ոստիկանապետին, ԿԳ նախարարին եւ Երեւանի քաղաքապետին: Aravot.am-ը կապվեց դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ, որը մեր զանգելու պահին ոստիկանությունում բացատրագիր էր գրում, որից հետո պետք է բացատրագիր գրեր նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում, գրում է aravot.am-ը:

Տիկին Խոսրովյանը շրջանառվող պատմությունը ֆիլմի սցենար որակեց, իսկ կատարվածը հետեւյալ կերպ բնորոշեց. «Դարձել ենք առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն»: «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, դպրոցի տնօրենը շատ խնդրեց, որ վերցնենք, եւ բնականաբար, ցանկացած երեխայի ճակատագիրը մեզ համար շատ թանկ է: Ինքը ասաց, որ երեխան խանգարում է դասերին, իսկ իրենց մոտ մասնավոր դպրոց է, ծնողները գումար են վճարում, եւ այլն, եւ ես ստիպված երեխային ընդունեցի: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Շաբաթվա որոշակի օրերին մոր մոտ է մնում, մյուս օրերին` հոր մոտ: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն:

Քանի որ իր բժշկական թղթերը դեռ Մոսկվայից չէին ուղարկվել, երեխայի գնահատման պրոցեսը հետաձգվում էր: Չնայած դրան, մեր հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը իր հետ աշխատում էին: Չորեքշաբթի օրը սոցմանկավարժն անցնում է մարմնի մասերը, գլուխ աչք, թարթիչ եւ այլն: Երեխան հարցնում է` իսկ հոնքերը կտրո՞ւմ են, սոցմանկավարժն ասում է, իհարկե ոչ, չի կարելի, տղա ջան: Երեխան ասում է, որ իր թարթիչները կտրել է, որովհետեւ ուզում էր իր թարթիչների գույնն իմանալ:

Հարցնում է ` որտե՞ղ ես կտրել, երեխան պատասխանում է` մամայի մոտ: Խեղճ սոցմանկավարժը միանգամից իջնում է ինձ մոտ, մենք տեղեկացնում ենք վարորդին, վարորդը հայրիկին, երեւի հայրիկն էլ մայրիկին, գուցե կոպիտ ձեւով, ու մայրիկը դրանից հետո անցնում է հակահարձակման: Նա երեխային տանում է իր մոտ, սովորեցնում, որ «սկոտչով» կապել են, իրեն ծեծել են, թարթիչները կտրել: Ախր ինչպես կարելի է, առաջին դասարանի անմեղ երեխաների մասին է խոսքը…Որպեսզի հոր խիղճը հանգիստ լինի, նա եկավ դասարան, խոսեց բոլոր երեխաների հետ: Բոլորի պայուսակները ստուգել ենք, նմուշի համար մի «սկոտչ» չկար դասարանում…

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: