Search
Close this search box.

Համաքաղաքային ծառատունկի շրջանակում տնկվել է շուրջ 10 000 ծառ

Նոյեմբերի 11-ին Երևանում հայտարարված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր, որոնց մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Այս ծառատեսակները, ըստ մասնագիտական ուսումնասիրությունների, առավել հարմար են Երևանի բնակլիմայական պայմաններին: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 10000 ծառ, իսկ մինչև նոյեմբերի 20-ը՝ աշնանային ծառատունկի ավարտը, նախատեսված է տնկել ևս 5000 ծառ:
Ծառատունկ-շաբաթօրյակի շրջանակում Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են նաև մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Մայրաքաղաքի բակերը, այգիները, պուրակները, անտառային տարածքները, պողոտաներին, փողոցներին, հրապարակներին, դպրոցներին, ինչպես նաև հանրային նշանակության այլ կառույցներին հարակից տարածքները բերվել են պատշաճ տեսքի:
Ծառատունկ-շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել ձեռնոցներով, բահերով, պարկերով, փոցխերով և այլ անհրաժեշտ պարագաներով: Առանձին տարածքներում օգտագործվել են նաև ջրցան մեքենաներ և այլ ծանր տեխնիկա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 75 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 310 տոննա աղբ: