Search
Close this search box.

«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել». Սերժ Սարգսյանը հրաժեշտ տվեց Մոլդովայի նախագահին

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Հարգելի՛ Իգոր Նիկոլայի,

Ցանկանում եմ եւս մեկ անգամ համոզմունք հայտնել, որ Ձեր այցը Հայաստան կհարստացնի մեր հարաբերությունների եւ համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, հումանիտար բնագավառներում, որովհետեւ իրականում մենք դրա կարիքն ունենք, եւ այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Երեկ Դուք եղել եք Ազգային ժողովում, այսօր կհանդիպեք Հայաստանի վարչապետի հետ, այսինքն՝ հնարավորություն կա բոլոր հարցերի շուրջ բանակցություններ վարելու:

Իհարկե, մենք շատ ընդհանուր բան ունենք եւ՛ երկկողմ հարաբերություններում, եւ՛ մեր ժողովուրդների ձգտումներում, ինչպես նաեւ մեր անձնական ձգտումներում, եւ համագործակցության միջոցով կհասնենք հաջողությունների: Կարծում եմ՝ մենք միայն այդպես պետք է առաջ շարժվենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այցի համար: Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ խնդիրների շուրջ ենք խոսել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Մոլդովայի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի եւ, իր բնորոշմամբ, հրաշալի ընդունելության համար՝ ընդգծելով, որ համոզված կարող է ասել՝ այցն արդյունավետ էր, ինչպես եւ սպասվում էր:

«Մենք երեկ, ըստ էության, անդրադարձանք մեր երկկողմ համագործակցության բոլոր հարցերին: Պայմանավորվեցինք, որ առաջիկայում կանցկացնենք միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին՝ գործարարների համաժողովի հետ միասին:

Մենք երեկ շատ արդյունավետ շփումներ ունեցանք խորհրդարանի ղեկավարության եւ պատգամավորների հետ: Պայմանավորվեցինք, որ նախաձեռնությամբ հանդես կգանք, եւ Հայաստանի խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր պետք է աշխատեն միջխորհրդարանական բարեկամության խմբում, կհրավիրենք Մոլդովա: Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Մենք քննարկեցինք նաեւ մեր երկրների համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար:

Պարո՛ն նախագահ, սպասում ենք Ձեզ Մոլդովայի Հանրապետությունում»,- ասել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: