Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատները մասնակցում են զինծառայողների որոնողական աշխատանքներին

ArmLur.am-ը գրում է. Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին:

Այժմ յուրաքանչյուր ուղղությամբ երկու ծնող կարող են միանալ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատներին և ռազմական գործողությունների վայրերում և օգնել նրանց:

Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1: Նոյեմբերի 13-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն: Առայժմ միայն Շուշիի տարածքում են գտնվել մեկական ողջ մնացած հայ և ադրբեջանցի զինվորներ:

Իսկ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին:

Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ:

Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին: Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում