Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բաքվից գեներալները եկել էին, թե սա մեր հողն ա, դուք խախտել եք»

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել Արավուսից, որի վարչական տարածքի ղեկավար Արգամ Հովսեփյանն ահազանգում է, որ իրենց վառելահողերը մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Այս տարածքները մերն են՝ մեր պահուստային հողերը։ 36 հեկտար, որն իրենց GPS-ով ասում են՝ մերն է։ Հիմա մենք վեճ ունենք։ Բաքվից գեներալներ էին եկել՝ ասում էին՝ սա մեր հողն ա, դուք խախտում եք և այլ»,- նշել է Արգամ Հովսեփյանը։

Ռեպորտաժում նշվում է, որ ավելի վաղ տարածված տեսանյութում գյուղապետը բանակցում էր ադրբեջանցի զինվորականների հետ, իսկ բանակցությունների երկրորդ և երրորդ փուլերին ներկա է եղել հարավային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոսյանը։
«Միայն առաջին օրը, որ հակառակորդը մոտեցել է, այդ պահին ներկա չենք եղել, զանգահարելուց հետո մյուս երկու բանակցությունները վարել ենք մենք։ Չկա 1 հենակետ, որտեղ մենք նստած ենք մեր պետական սահմանից 1 մետր հետ։ Կամ նստած ենք պետական սահմանին կամ մի քիչ առաջ։ Նույնն էլ հակառակորդ կողմը։ Չկա մի հենակետ, որտեղ հակառակորդը մտած լինի մեր սահման։ Ընդհանրապես, չկա էլ տարածք, որտեղ հակառակորդը նստած լինի հենց մեր պետական սահմանին», -ասել է գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը։

Հերթափոխ իրականացնող գյուղացիները նշում են, որ Արավուսին և սահմանամերձ մյուս համայնքներին իրենց սահմաններում կանգնելու հորդորն ուղղել է հայկական բանակը, որից հետո նրանք ջոկատներով սկսել են հերթափոխ իրականացնել։

«Ես գրություն եմ ուղարկել, որպեսզի տարածքային կառավարման նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, կադաստրի պետական կոմիտեն, մի շարք գերատեսչական մարմիններ հանձնաժողով ձևավորեն այս հարցի լուծումը գտնելու համար»,- նշել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ մյուս ուղղություններում մինչև այս պահը վիճելի հատվածներ չկան։ Իրարից ոչ շատ մեծ հեռավորությամբ տեղադրված են Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։ Երկու կողմում էլ զինծառայողները վրաններ են ամրացրել, շուրջօրյա հերթապահություն են անցկացնում։ Մյուս դիրքերում հիմնականում ժամկետայիններ են։ Ժամանակի ընթացքում ամուր հենակետեր կկառուցվեն, առայժմ սպասում են սահմանագծի վերջնական ճշգրտմանը։