Search
Close this search box.

«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը

armeniasputnik.am-ը գրում է. Էջմիածնի զինկոմիսարիատից դեպի Արցախ մեկնած ու հոկտեմբերի 21-ին անհետ կորած 34 տղաներից մեկը, պարզվում է`մորը նամակ է գրել ու հայտնել, որ ինքը թուրքերի տարածքում է։

Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված և անհետ կորած քիմիկներից մեկը` 25-ամյա պայմանագրային մի զինծառայող (ՀՀ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքեր), նույնը օրը, երբ իրենց տարել են Կովսական (Զանգելան), կապի է դուրս եկել ընտանիքի հետ։

Նշենք, որ այդ զորամասից զորակոչված անհետ կորած զինվորների ծնողներն այժմ հանդիպում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Վաղ առավոտից նրանք բողոքի ակցիա էին անում Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ։

Տղայի քույրը` Սիրանուշ Ալեքսանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` հոկտեմբերի 21-ին քիմիկների 60 հոգանոց խմբին տարել են Կովսական, և հենց այդ օրվանից էլ նրանցից 34-ից այլևս որևէ լուր չունեն։ Միայն իր եղբայրն է հոկտեմբերի 21-ին ընտանիքին պարբերաբար հաղորդագրություն ուղարկել։

«Աղաչում եմ, չլացես, մամ»,–գրել է տղան։ Մեկ րոպե անց նորից նամակ է ուղարկել.«Թեթև տարեք, չլացեք։ Հերոս ունես, մամ ջան, շատ եմ ձեզ սիրում։ Իմ կյանքն էլ սենց դասավորվեց։ Հերոս կմնամ։ Դուխով։ Հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ կխփեն»։

Սիրանուշն ասում է` այդ օրը եղբոր հետ պարբերաբար կապի մեջ են եղել մինչև երեկո։ Իսկ հաջորդ օրն առավոտյան արդեն եղբայրն անհասանելի է եղել։ Նամակագրության մասին հայտնել են համապատասխան մարմիններին։ Հեռախոսահամարի միջոցով պարզել են` հոկտեմբերի 22-ի առավոտյան տղան հեռախոսը մեկ անգամ միացրել է, սակայն մարտկոցը նստել ու անջատվել է։ Սիրանուշը հայտնեց` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին տրամադրել են անհետ կորած 34 զինծառայողների տվյալները։ Սակայն գերիների ցանկում վերոհիշյալ տղաների անունները չկան։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն էլ` Տիգրանը, ասաց, որ ՊՆ–ից միայն մեկ պահանջ ունեն` ՊՆ–ն պետք է կապ հաստատի ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ և նրան խնդրի` Կովսականի տարածքում որոնեն իրենց տղաներին։

Անհետ կորած զինծառայողների ծնողները նշում են`եթե լուծում չտրվի իրենց խնդրին, եթե նորից խոստանան ու ոչինչ էլ չանեն, ապա հացադուլ են սկսելու հենց ՊՆ–ի դիմաց։