Search
Close this search box.

Ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ արձանագրությունները կեղծվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ուսումնասիրել է նշված գործի նյութերում առկա` համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին ստորագրված արձանագրությունները և պարզել, որ նախորդ նիստի ժամանակ ստորագրություններն առկա չեն եղել, մինչդեռ վերջին դատական նիստի ժամանակ դրանք առկա են եղել արձանագրություններում:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում մեկ այլ քրեական գործ է հարուցվել Ա. Պողոսյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 10.11.2016թ.-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ թմրամիջոց չի հայտնաբերվել: Այն հայտնաբերվել է իր բնակության հասցեում գտնվող ավտոտնակից, սակայն ոստիկաններն արձանագրություն են կազմել այն մասին, որ թմրանյութը հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն: