Search
Close this search box.

«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ

Ոտքի՛, Հայո՛ց Քաջեր՝ պաշտպանելու Հայոց Սուրբ Հողը
«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը
պատրաստ է մեկնել առաջնագիծ

Պատվախնդի՛ր Հայեր
Այսօր առավոտյան մեր Սուրբ Հայրենիքը հերթական անգամ ենթարկվել է թուրք-ադրբեջանական հրոսակների հարձակմանը: Ինչպես հարյուրամյակներ շարունակ, այնպես էլ հիմա, թուրքական հրոսակների նպատակը մնում է նույնը՝ աշխատասեր ու ստեղծագործ Հայ մարդուն զրկել իր հայրենի հողի վրա ապրելու և արարելու իրավունքից՝ ոչնչացնելով Հայ Ազգը:
Հայոց Ազգային Բանակը հերոսաբար դիմագրավում է թշնամու հարձակումներին՝ պատճառելով անվերականգնելի կորուստներ:
Հայոց Հայրենիքի համար վճռորոշ այս պահին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում մի կողմ դնել բոլոր տեսակի կուսակցական ու քաղաքական տարաձայնությունները և միասնաբար կանգնել Ազգային Բանակի կողքին՝ հանուն Հայոց Սուրբ Հողի, հանուն մեր նախնյաց հիշատակի և գալիք սերունդների՝ իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի պաշտպանության:
Հայաստանի իշխանություններին ևս կոչ ենք անում դադարեցնել հասարակությունը պառակտելու, ներազգային թշնամանք հրահրելու քաղաքականությունը և Հայաստանի ու Հայ Ազգի մարդկային և նյութական բոլոր ռեսուրսներն ուղղորդել Հայոց Սուրբ Հայրենիքի պաշտպանությանը:
2016 թվականի ապրիլի 2-ին ձևավորված «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է Պաշտպանության նախարարի առաջին իսկ հրամանով կանգնել Հայոց Ազգային Բանակի զինվորների և հրամանատարների կողքին ու կատարել իր առջև դրված մարտական գործողությունները:

ՄԵՐ ՀԱՎԱՏՔՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ է,
ՄԵՐ ԸՆԹԱՑՔՆ՝ ԱՆԿԱՍԵԼԻ՛,
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:

«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:

Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի
հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան