Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5-ամյա Դավիթը մեքենա է հրում, իրար հետևից ռեկորդներ գրանցում

Այժմ փոքրիկը պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել՝ ձախ ձեռքի երկու մատներով 1 տոննա 300 կգ կշռող ավտոմեքենա քաշել։

Մերօրյա հերոս փրկարարներն իրենց ապագա գործընկերոջն ու միգուցե՝ փոխարինողին են մարզում։ ԱԻՆ փրկարար ծառայության վարորդներից մեկի՝ սերժանտ Յուրիկ Պետրոսյանի 5-ամյա որդին արդեն 3 ռեկորդ է սահմանել. դրանք գրանցվել են «Դյուցազնագրքում»։

Դավիթը «Սասնա ծռերի» հերոսի անվանակիցն է՝ օժտված իր տարիքին ոչ բնորոշ ուժով։ Նրա զարմանալի կարողությունները հայրն է բացահայտել ու սկսել մարզել որդուն։

Դավիթն արդեն հասցրել է զարմացնել. իր առաջին ռեկորդում տղան ավելի քան 1 տոննա 630 կգ-ոց մեքենա է հրել, որին հաջորդել են ևս երկուսը՝ 56 վայրկյանում ձախ ձեռքով 30 հրումները, ապա աջ ձեռքով՝ 58 վայրկյանում կրկին 30 հրումները։
Վերջին ռեկորդը փոքրիկ դյուցազունը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին։ Իր նվաճած «Դյուցազնագիրքը» Դավիթին անձամբ է Աբաջյանի պապին հանձնել։

Փոքրիկն այսքանով չի սահմանափակվում. հիմա էլ պատրաստվում է նոր ռեկորդ գրանցել՝ ձախ ձեռքի իր փոքրիկ, բայց շատ ուժեղ երկու մատներով 1 տոննա 300 կգ կշռող ավտոմեքենա քաշել։

Դավիթն ապագայի համար հստակ ծրագրեր ունի՝ որոշել է հայրիկի նման փրկարար դառնալ, մարդկանց կյանքեր փրկել։