Search
Close this search box.

Օրենքով «ռեկետ». Հարկայինի տեսուչի խայտառակ արկածները. աննախադեպ, սկանդալային միջադեպի մանրամասները

Խայտառակ բարքերը շարունակում են օրենքից վեր լինել: Այդ բարքերը տնօրինող անձինք, ցավոք, ներկայանում են օրենքի և օրինականության անունից:

Շենգավիթ համայնքում հարկային տեսուչ ներկայացած անձը` օգոստոսի 31-ին, փորձում էր տուգանել խանութներից մեկի սեփականատիրոջ լիազորված անձ ներկայացողին:
Տեսանյութերում պարզ երևում է, որ հարկային տեսուչ ներկայացող անձը պատշաճ կերպով չի ներկայանում և չի ներկայացնում վկայականը:

Խանութի սեփականատիրոջ ամուսինը (լիազորված անձը) հղում անելով ՊԵԿ հայտարարությանը` (https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=cs&nid=7324), ըստ որի ՀԴՄ կտրոն չի կարող տրամադրել, քանի որ ծրագիրը ժամանակավորապես չի գործում, փորձում է խանութից դուրս հրավիրել «ռեկետյոր» տեսուչին:

Տեսանյութը հրապարակվել է բազմաթիվ կայքերով: «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիան համապատասխանաբար հարցում է հղել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին:

Բայց ինչպես ասում են` ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և սույն առևտուր իրականացնող կազմակերպությունը տուգանվեց: Սա խայտառակ իրականություն է, որը չի կարելի տեղավորել օրենքի սահմաններում:

Լրագրողական հետաքննություն իրականացնելու նպատակով բազմիցս փորձել եմ կապվել «Շենգավիթ» համայնքի հարկային տեսչության համապատասխան բաժնի պատասխանատուի հետ: Վարչության ընթացիկ հսկողության բաժնի պետի տեղակալ Սպարտակ Ղազարյանը ընդգծված քամահրանքով ասաց. «Ես չեմ սիրում լրագրողներին և չեմ պատասխանելու որևէ հարցի»:

Երբ խնդրեցի պաշտոնական էլեկտրոնային հասցե տրամադրել` արձագանքեց.«Իմ սեփական մեյլն ունեմ, Ձեզ չեմ տա, ուրիշ հարց կա` դիմեք լրատվական բաժին» (քմծիծաղ):

«Ձեր սեփական մեյլը պահեք Ձեզ, պարտավոր եք պատասխանել քաղաքացուն ու առանց ճղճիմ մեկնաբանությունների»,-պատասխանեցի:

Րոպեներ անց դուրս հրավիրեց, նշելով, որ խանութի սեփականատիրոջ ներկայացուցչի հետ առանձին պետք է խոսի:

Փաստորեն փոքր բիզես իրականացնող անձը անպաշտպա՞ն է: Փաստորեն էլի խոշոր ձկները կուլ են տալու մանրերին: Փաստորեն ՊԵԿ հայտարարությունը անտեսվե՞լ է:
Այս բոլոր փաստորենների պատասխանը հայցում ենք Նոր Հայաստանի գործող կառավարությունից:

Ավելի ուշ տեղեկացա , որ խանութի սեփականատիրոջ ներկայացուիչը հանդիպել և փորձել է պարզաբանում ստանալ Շենգավիթի հարկային տեսչության ղեկավար Արմեն Օհանյանից:

Վերջինս ընդգծել է, որ տուգանքը կազմված է և հարկավոր է վճարել:

Արտագաղթը խթանող ևս մեկ իրողություն: Սթափվել է պետք: Նման պաշտոնյաները լուրջ վտանգ են ներկայացնում առանց այն էլ ծանր պայմաններում գոյատևող հայերի համար:
Կատարվածը մարսել չի կարելի և բոլոր պատկան մարմինները պետք է օրենքի սահմաններում պատասխանեն իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիների հարցերին:

Միայն այս դեպքում կունենանք արդար և արդարադատ Նոր Հայաստան:

Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիա ՀԿ նախագահ

Լուսինե Ղազարյան

Նյութի աղբյուր՝ kommersant.am