Search
Close this search box.

«Հրապարակ». Սյունիքի մարզպետը 5 խորհրդական ունի, 3 օգնական. «երևանցի ջահելները» լցվել են մարզպետարան

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետարանում կառուցվածքային փոփոխություններ են ընթանում: Աշխատակազմի մի քանի կառուցվածքային ստորաբաժանումներ, մասնավորապես՝ կրթության, մշակույթի եւ սպորտի, գյուղատնտեսության եւ բնապահպանության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների եւ քարտուղարության բաժնի պետերի հաստիքները, տեւական ժամանակ է՝ թափուր են:

Մենք տեղեկացանք, որ մասնավորապես տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նախատեսվում է կրճատել՝ այդ մարմնի լիազորությունները վերապահելով մարզպետի մամուլի խոսնակին՝ Վազգեն Սաղաթելյանին: Ի դեպ, մենք այս եւ մարզպետ Վահե Հակոբյանին վերաբերող մի քանի հարց ենք ուղարկել մարզպետարան, սպասում ենք պատասխաններին: Մարզպետարանի աշխատակազմը, նկատենք, ուռճացված է: Հակոբյանն ունի հինգ խորհրդական, որոնցից երկուսը՝ հասարակական հիմունքներով, երեք օգնական, որոնցից մեկը՝ հասարակական հիմունքներով: Մարզպետարանում խոսում են, թե ծնունդով երեւանցի Հակոբյանը մարզպետարանը լցրել է «երեւանցի ջահելներով»:

Մասնավորապես՝ երեւանցի են մարզպետի խորհրդականներից եւ օգնականներից մի քանիսը՝ Աննա Եղիազարյանը, Սահակ Հակոբյանը, Միլենա Գասպարյանը, Էդուարդ Մսրլյանը եւ այլք: Մարզպետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ Հակոբյանը երբեմն՝ «ոչ թռիչքային օրերին», բացակայում է աշխատանքից՝ ակնարկելով, թե նա ուղղաթիռով է աշխատանքի գնում-գալիս: Նրա բացակայության ժամանակ մարզպետի աշխատանքը կոորդինացնում է Միլենա Գասպարյանը, ով Հակոբյանի «աջ թեւն» է եւ փոխմարզպետից ավելի բարձր կշիռ ունի մարզպետարանում:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: