Search
Close this search box.

«Բայց չէ՞ որ ինքն էլ է զինվոր…». 38–ամյա Բագրատ Օհանյանն օգնության կարիք ունի

Armeniasputnik.am-ը գրում է. Բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը հաղթանակ է տարել ավելի քան 250 սիրողական և 11 պրոֆեսիոնալ մենամարտերում։ Հայաստանի երիտասարդների բազմակի, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է, 1999 թվականի աշխարհի երիտասարդների լավագույն բռնցքամարտիկ։

Գյումրեցի հայտնի բռնցքամարտիկի կենսագրության մեջ հաղթական վերելքները շատ են՝ հաղթական մենամարտերի շարք՝ սիրողական ու պրոֆեսիոնալ ռինգում: Օհանյանը ոչ մի անգամ ռինգը չի լքել նոկաուտի պատճառով: Միշտ բարձր է պահել Հայաստանի դրոշը՝ հրաժարվելով հանդես գալ այլ երկրների (ԱՄՆ-ի ու Գերմանիայի) դրոշների ներքո:

2000 թվականից անցել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի՝ տարբեր պայմանագրերով մենամարտել ԱՄՆ-ում, Անգլիայում ու Գերմանիայում, ու չնայած այդ երկրներում մնալու հնարավորությանն ու թույլտվությանը, Բագրատը, ինչպես կինը՝ Սանթենիկն է ասում, հայրենիքի կարոտով հետ է վերադարձել Հայաստան ու հայրենի քաղաքում անցել մարզչական աշխատանքի:

Ամեն ինչ լավ էր՝ սիրած աշխատանք, ընտանիք ու 2 զավակ, սակայն տարիներ առաջ նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ առաջացան։ Ախտորոշումը՝ Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ՝ ԿԱՍ-ֆրոնտոտեմպորալ դեմենցիա սպեկտրի խանգարում։ Հիվանդություն, որի մասին Հայաստանում նույնիսկ առողջապահական ոլորտում են քչերը տեղյակ:

«Ամեն ինչ միամիտ ստացվեց: 2018 թվականի նոյեմբերին մի օր ոտքս ցավեց։ Մտածեցի` կանցնի, բայց հաջորդ օրը մյուսը սկսեց ցավել, հետո ցավը շատացավ ու տարածվեց ողջ մարմնովս։ Հիմա արդեն ոչ միայն դժվարությամբ եմ տեղաշարժվում, այլև ընդհանարպես չեմ քնում։ Նստած եմ լուսացնում. շուչս չի հերիքում»,–պատմում է Բագրատը:
Ասում է` ուր ասես` չեն գնացել, ում ասես` չեն դիմել: Մարդիկ ուզում են օգնել, բայց ի վիճակի չեն՝ հիվանդությունը շատերին անծանոթ է։

Կինը՝ Սաթենիկ Մինասյանը, հիվանդության մասին համացանցի օգնությամբ է ինչ–ինչ բաներ պարզել. բուժումը միայն իսրայելական կլինիկաներից մեկում է արվում: Այս հիվանդության զարգացման ընթացքը դանդաղեցնող դեղերը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ երկրներում չկան. հանդիպում են Գերմանիայում, Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում, բայց երկրների քաղաքացիներին են տրվում` դեղատոմսով: Բագրատի հարազատները մի քանի անգամ արտերկրից դեղորայք են ձեռք բերել (1 ամսվա դեղի համար ավելի քան 200 եվրո է պահանջվում), բայց միշտ չէ, որ հաջողվում է դա անել:

«Մի տարի շարունակ այս դռնից այն դուռն ենք գնացել՝ անարդյունք։ Ոչ մի բան օգուտ չի տալիս, բուժում այստեղ չկա, իսկ արտերկիր գնալ հիմա հնարավոր չէ, ցավը մեղմող դեղերն էլ չեն ճարվում: Ունի շնչառական ապարատի կարիք: Այս հիվանդության հանդեպ պետական որևէ մոտեցում չկա: Հիվանդները մատնված են բախտի քմահաճույքին»,-ասում է Սաթենիկը։

Միակ օժանդակությունը, որ այս ընթացքում ստացել են, անվասայլակն ու հենակներն են:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: