Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ախալքալաքում հայերի միջև տեղի ունեցած միջադեպերից ու սպանությունից հետո հատուկջոկատայիններ են տեղափոխվել քաղաք

Ախալքալաքի կենտրոնական հրապարակը շրջափակված է, տեղում աշխատում են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ու փորձագետները, քաղաքակի գրեթե բոլոր խաչմերուկներում հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներ են տեղակայված:

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները շրջափակել են քաղաքի կենտրոնում`PSP դեղատան դիմաց գտնվող առևտրի կետը, որը Նալբանդյան փողոցի վրա է, քանի որ տեղեկություն է ստացվել այն մասին, որ առևտրի կետի վրա հարձակում է նախապատրաստվում:

Ավելի վաղ քաղաքում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանության պատճառով: Ականատեսները Tert.am-ին պատմել էին, որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։

Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։

Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։

Հաջորդիվ հարյուր մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի անձ գտնվում են վերակենդանացման բաժանմուքում․ դրանց թվում նաև Սամվել Գաբրիելյանը։ Ըստ նախնական տվյալների հիվանդանոցում մահացել է ևս մեկ անձ։

Հրդեհներն այս պահին մեկուսացված են, ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնում Ախալքալաքում՝ դեպքի վայրում, հարակից համայնքների ճանապարհներին, հիվանդանոցի տարածքում ու նշված անձանց համայնքներում։