Search
Close this search box.

«ՉԻ». Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը սպառնացել է ինքնասպան լինել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսած, Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը, որը քաղաքի սոցապ բաժնի պետն է, իր նախընտրական քարոզարշավի պաստառները սկսել է փակցնել Վարդենիս քաղաքի տեսանելի տեղերում ու մարդաշատ վայրերում։

Այս հանգամանքը պատճառ է դարձել, որ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Խլոյանի շտաբից ահազանգեն ԿԸՀ եւ տեղեկացնեն ընտրական օրենսգրքի խախտման մասին։ Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումը վերացնելու փոխարեն, թեկնածուն բրեզենտե կտորներով ծածկել է իր նախընտրական պաստառները` մինչեւ քարոզարշավի մեկնարկը։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը շտապել եւ իր պաստառները փակցրել է, քանի որ կարծել է, թե ինքն է իշխանությունների ցանկալի թեկնածուն։

Իսկ ինչո՞ւ է այդպես ենթադրել ժամանակից առաջ ընկած թեկնածուն` հիմնավոր պատճառ ունի. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ մինչեւ առաջադրումը Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին իր մոտ է հրավիրել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը եւ ասել, որ Խլոյանը թեկնածություն չպետք է դնի, քանի որ իշխանությունների համար անցանկալի է։ Ի պատասխան այս վերջնագրի, Խլոյանը ահաբեկել է` ասելով, որ եթե թույլ չտան առաջադրվել՝ ինքնասպանություն կգործի։ Արմեն Գեւորգյանը զարմացել է Խլոյանի խոսքերից, բայց հասցրել է ասել. «Մեր կարծիքը ես քեզ փոխանցել եմ»»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: