Search
Close this search box.

Իշխանությունը չի համարձակվի կալանավորել Ծառուկյանին

Այսօր դատարանը պետք է որոշի կալանավորել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին թե ոչ: Երեկ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով որոշել էր Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, և հետևաբար դատարանը այլևս կարող է նրան կալանավորելու սանկցիա տալ: Հարցն այն է, թե արդյոք դատարանը նման որոշում կկայացնի թե ոչ: Ֆորմալ առումով դատավորը պետք է որոշի թե ազատության մեջ մնալու դեպքում արդյոք Ծառուկյանը կխուսափի քննությունից, կամ կազդի քննության վրա թե ոչ:

Բայց չենք ուզում քննել հարցի իրավական կողմը, քանի որ Ծառուկյանի դեմ սկսած արշավը ոչ մի կապ չունի օրենքի և օրինականության հետ և այն մաքուր քաղաքական հետապնդում է: Եվ հենց այդ պատճառով, պետք է փորձել հասկանալ, դատավորը, ով մի քանի ժամ հետո պետք է քննի Ծառուկյանի կալանքի սանկցիան, իշխանության ամենաբարձր օղակից, այն է վարչապետ Փաշինյանից ինչ հրահանգ է ստացել՝ կալանավորել թե չկալանավորել Ծառուկյանին:

Դատելով իրադարձությունների զարգացման ընթացքից կարող ենք ասել, որ Փաշինյանը չի համարձակվի Ծառուկյանին կալանավորելու վճիռ կայացնել: Նրա համար լավագույն տարբերակը կլիներ այն, որ Ծառուկյանը դիմեր փախուստի, թաքնվեր որևէ տեղ, և իշխանությունները ասեին, որ չգիտեն նրա գտնվելու վայրը և հայտարարեին հետախուզում: Այնպես ինչպես հայտարարել են բազմաթիվ այլ մարդկանց դեպքում: Ծառուկյանի կալանավորումը և դրան անխուսափելիորեն հետևելիք դատական պրոցեսը իշխանությանը ոչ մի լավ բան չի խոստանում:

Նախ միջազգային արձագանքից արդեն պարզ է, որ իշխանության գործողությունները արժանանում են բացասական գնահատականի: Անկախ մեղադրանքից, կալանավորվելու է երկրի ամենամեծ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության նախագահը, իսկ դա արդեն քաղաքական սկանդալ է, ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու բացահայտ դրսևորում:

Բացի այդ ԲՀԿ-ն խորհրդարանում ունի 25 պատգամավոր և Ծառուկյանի հետ կապված ցանկացած դատ վերածվելու է իշխանության դեմ ուղղված բողոքի գործողության, ինչը ավելի է թուլացնելու առանց այն էլ հանրային աջակցությունից զրկված իշխանության դիրքերը:

Կալանավորելով Ծառուկյանին, իշխանությունը ընդամենը հերոսացնելու է նրան, քանի որ շատ կարճ ժամանակ անց պարզվելու է, որ նույնիսկ նրա կալանավորումը ոչ մի բան չփոխեց երկրի անարդյունավետ կառավարման հարցում և նա իշխանության և իշխանավորների անհագ ախորժակի զոհն է: Ծառուկյանի կալանավորման սպառնալիքը գործուն է, քանի այն օգտագործվում է որպես սպառնալիք, բայց երբ այն դառնա իրականություն, կկորցնի իր ազդեցությունը և կսկսի աշխատել նույն իշխանության դեմ:

Իշխանությունը սա շատ լավ հասկանում է և ինքն իր ոտքին չի կրակի: Նորից ենք կրկնում, լավագույն տարբերակը վարչապետ Փաշինյանի համար կլիներ Ծառուկյանի փախուստը կամ թաքնվելը, և Փաշինյանը վերջին երեք օրերին մի քանի անգամ Ծառուկյանին թաքնվելու հնարավորություն տվեց, հույս ունենալով, որ Ծառուկյանը հենց այդպես էլ կվարվի: Բայց Ծառուկյանը իր պահվածքով հուսախաբ արեց իշխանությանը:

Իսկ եթե դատավորը մերժի Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը, իշխանությանը այլ բան չի մնա անելու, քան դատավորին մեղադրել նախկին իշխանությանը ծառայելու կամ նույնիսկ կաշառվելու մեջ: Դե հո չեն ասելու, որ իրենք են վախեցել կալանավորելու հրաման տալ:

ArmLife.am

Այս Բաժնից