Search
Close this search box.

Հայաստանի քաղաքացին գիտակցում է, որ ինքն ուղղակի չի կարող հպարտ լինել

Տանը մնալու, տեղաշարժվելու սահմանափակումների հետևանքով տևական ժամանակ չէի քայլել Երևանի փողոցներում նախկին հանդարտությամբ: Առաջին զգալի փոփոխությունն այն էր, որ ծխախոտ խնդրողներն են շատացել: «Ախպերս, մի հատ ծխելու տուր` մինչև հասնեմ խանութ»: Չես հասնի, արդեն անցար խանութը, հաջորդի կողքով էլ կանցնես, քանի որ գրպանումդ փող չկա: Չեմ հիշում, թե էլ երբ էր այդպես եղել Երևանի փողոցներում: Մարդն աշխատանք չունի` ձեռքը դատարկ է, իսկ ամսեամիս չմարվող վարկային բեռը քարշ է տալիս ոտքից կապած: Սպասում է լավ օրվա, իսկ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվել է:

Կանգառում հանդիպած ծանոթիս հոգնած ու շաղված տեսքից ենթադրելով՝ հարցրեցի` «խմա՞ծ ես»… «չէ’, շուկայից եմ գալիս»… «ո՞նց էր»… «մարդ չկար, առնող չկար»… սեփական ջերմոցի բանջարեղենը վաճառելու տարած ծանոթս այդպես բավարարեց հետաքրքրությունս: Երբ ջերմոցում ծաղիկ աճեցնող մյուս ծանոթս էր ասում, որ մեխակը 10-15 դրամով չի վաճառվում մեծածախ շուկայում, փարատում էի` համաճարակ է, մարդիկ ծաղկի սիրտ չունեն: Բայց բանջարեղենը, որ ամենօրյա անհրաժեշտ սնունդ է` համեմատաբար մսից մատչելի, իսկապես զարմանալու և մտորելու առիթ է տալիս: Հիշեցի, որ խանութների վաճառողներն էլ են դժգոհում սակավ առևտրից, իսկ վերջին շրջանում իմ պասիվ օգտվելը նույն խանութներից առանձնապես հիշելու դժվարություն չի ներկայացնում, քանի որ առօրյա կենսակերպ է դարձել: Փող չկա:

Շուրջ երեք ամիս առաջ, երբ հեռուստացույցով ներկայացնում էին, թե աշխարհում խուճապ է` մաքրազարդում են խանութների ցուցափեղկերը, իսկ Հայաստանում խաղաղ է ու անդորր, որ մեր ժողովուրդը պարեն կուտակելու մոլուցքով չի տառապում և վստահում է կառավարության երաշխիքներին ու վաղվա օրվան: Փոխարենը՝ մարդկաց հետ զրույցից պարզվում էր, որ այդ ապահովության զգացողությունն այլ բովանդակություն ունի. «Գոնե մի պարկ ալյուր կառնեի»: Իսկ ո՞րն էր չառնելու պատճառը, հատկապես մենք, որ սիրում ենք մեր տան անկյունները լիքը տեսնել. փող չկար: Ովքեր փող ունեին` առաջին երկու օրն ապահովեցին իրենց, իսկ Հայաստանի հիմնական քաղաքացիները «հպարտ» կեցվածքով նայեցին այդ կենսական անհրաժեշտությանը:

Այս իրավիճակում Հայաստանի քաղաքացին գիտակցում է, որ ինքն ուղղակի չի կարող հպարտ լինել, ինչքան էլ ուզում ես ասա` դու հպարտ ես: Աշխարհում տեղի ունեցած գրեթե բոլոր հասարակական հուզումները սոցիալական բնույթ են կրել, որն էլ իր հերթին՝ քաղաքական բովանդակություն է ձեռք բերել: Եթե անգամ մաշկի գույնի կամ դավանանքի առիթով են եղել, այդուհանդերձ դրանց խորքում առկայծել է երկրում խլրտացող սոցիալական անհաշտությունը: Ուրեմն մարդիկ դժգոհ են իրենց բաժին հացից:

Քաղաքացին իշխանություն է փոխում, որովհետև առաջնահերթ խեղդվում է սոցիալական խնդիրներից և ուզում է ազատվել, գոնե թուլացնել այդ սեղմող օղակը, ոչ թե նոր Չարենց ու Խաչատրյան ունենալ, կամ Օպերայի շենքի պես ևս մեկը կառուցել. այդ հոգսը ժամանակը միշտ էլ իր վրա է վերցնում: Սա հավելյալ պահանջ է ոչ թե՝ էթիկայի, այլ՝ էսթետիկայի հարթությունից. էթիկան հացի իրավունքն է: Սարոյանի հերոսն էլ է նույնն ասում. «Տղաս,- ասաց ծերունին,- երբ դու հասնես իմ տարիքին, կհասկանաս, որ երգը կարևոր չէ։ Հաց՝ ահա թե ինչն է կարևորը»։ Երգով երկար չես զբաղեցնի, գուցե հետճաշյա հանգստի ժամին, բայց որ օրը թեքվեց`ընթրիք է պահանջելու, որպեսզի սոված չքնի:

Փոխարենը՝ կառավարությունն իշխանական էլիտային է կանոնիկ կերպով պարգևավճարներ բաժանում: Պարզվում է՝ ժողովուրդն իշխանություն է փոխել, որպեսզի իշխող քաղաքական էլիտան լավ ապրի: Է, նախկինում էլ էին դրանք լավ ապրում: Նախկինում պարգևավճարը ստանում էին ստվերում, հիմա պետբյուջեից է դուրս գրվում: Չեմ կարծում, որ շարքային քաղաքացու համար էական բան է փոխվել մոտեցման այդ փոփոխությունից:

Թագավարակի տնտեսական հետևանքները վերացնելու միջոցառումներն արդյո՞ք արդարացվում են պարգևավճարների հետ զուգահեռելիս: Սոցապնախարարությունը դա էլ չկարողացավ մարդավարի կազմակերպել՝ ետ պահանջելով գումարն օգնություն ստացած որոշ քաղաքացիներից` պատճառաբանելով, թե ոչ շահառու խմբերում գտնվող քաղաքացիներ են դիմել և մոլորեցրել նախարարությանը` սեփական անճարակության մեղքը բարդելով ժողովրդի վրա: Եղավ նաև մեկանգամյա կոմունալ աջակցություն. նվազագույն չափով լույս ու գազ սպառած քաղաքացիներին 30-50 տոկոս փոխհատուցում տրվեց:

Այս թավշյա ու հեշտասեր քաղաքականության հետևանքը լինելու է սոցիալական ընդվզումը: Նման իրավիճակում հասարակությունն ըմբռնումով չի մոտենում, նրա համար միևնույն է՝ երկրում թագավարակի համաճարա՞կ էր, թե՞ հյուսիսից փչած քանդուքարափ անող քամի: Քանի որ, ինչպես նախկինում հնչեցված այդ հորդորին, այնպես էլ հիմա ասելու է. ըմբռնումը չեմ փաթաթելու հացի մեջ` ուտեմ: Ասելու է, որովհետև երկրում խոստացված տնտեսական հեղափոխությունը չիրականացավ, ընդամենը մեկ օր տեսանք Երևանի փողոցներում իշխանական երթ այդ առիթով: Մարդը սոցիալական էակ է, եթե ստամոքսը դատարկ է, ուղեղն այդ դատարկությունը լցնելու ուղղությամբ է դատում:

Հնարավոր է, որ այդ անգամ էլ իշխանությունը մեղադրի ժողովրդին: Ինչ խոսք, ժողովուրդը կարող է մեղավոր լինել, բայց այն դեպում, երբ ինքնուրույն է, չունի կառավարություն: Իսկ երբ ընտրել է իշխանություն, գոնե կիսով չափ այդ մեղքը պետք է իրենը համարի ընտրվածը: Փոխարենը՝ իշխանությունն ասում է, որ, եթե մեղավոր է ինքը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է ընտրել իրեն: Բայց չի ասում՝ եթե մեղավոր է ժողովուրդը, ուրեմն մեղավոր է նաև ինքը, քանի որ ինքն է ժողովրդի ընտրած իշխանությունը:

Հուսիկ Արա