Search
Close this search box.

Եթե պատերազմի ժամանակ հրամանատարը չի արդարացնում, հենց պատերազմի դաշտում նրան փոխել է պետք. ԵԿՄ վարչության անդամ ը՝ ընդդեմ իշխանության

ԵԿՄ վարչության անդամ, Ռուստամ Գասպարյանը համարում է, որ Հայաստանը գնում է դեպի կործանման, կանգնած է անդունդի եզրին, և այդ իրավիճակից անհապաղ ելք է պետք։ Ելքն էլ, ըստ Գասպարյանի, կառավարության, կառավարության ղեկավարի փոփոխությունն է։ Առաջիկայում ԵԿՄ վարչության անդամը իր համախոհների հետ պատրաստվում են նախաձեռնությամբ հանդես գալ։ «Եթե պատերազմի ժամանակ հրամանատարը չի արդարացնում իրեն, ապա այդ հրամանատարին հենց պատերազմի դաշտում, տեղում փոխել է պետք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ երկրում ստեղծված իրավիճակը բացարձակ կապ չունի կորոնավիրուսի հետ։

«Համաճարակն ինչ կապ ունի։ Ամբողջ աշխարհում համաճարակը նահանջում է, իսկ մեր մոտ գնալով բռնկվում է համաճարակը, իսկ դրա պատճառն անտեր վիճակն է, որ ոչ ոք չի տիրապետում իրավիճակին»,- ասաց նա։

Պարոն Գասպարյան, այսինքն՝ Դուք արդարացված եք համարում Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության 100 տոկոս կազմի փոփոխության պահանջը։

– Ոչ միայն Ծառուկյանի, այլ բոլոր նրանց, ովքեր կոնկրետ հարցեր են դնում երկիրն էս իրավիճակից հանելու համար։

Այսինքն՝ նաև Վանեցյանի, ՀՅԴ-ի ու մյուսների՞։

– Անկախ նրանից՝ ով կլինի, կարևորը երկրի մասին մտածողներ լինեն՝ դա կլինի դաշնակ, կամ չգիտեմ ով։ Ինձ համար միևնույն է։

Դուք Վանեցյանին, Ծառուկյանին ու մյուսներին համարում եք երկրի համար մտահոգ ուժե՞ր։

– Ես չեմ համարում երկրի համար մտածող ուժեր, նախկիններ կամ ներկաներ։ Ես չեմ էլ ուզում իմանալ, թե, ասենք, Վանեցյանի քաղաքական նպատակները որոնք են, կամ մյուսներինը։ Ես խոսում եմ երկրի մասին մտածողների մասին։

Ես էլ հարցնում եմ, թե ովքե՞ր են այդ երկրի մասին մտածողները։

– Հենց մեկը ես։

Եվ ի՞նչ եք Դուք պատրաստվում անել այդքան մտահոգ լինելով հանդերձ։

– Իմ հետ միասին լիքը մարդիկ կան, որոնք մտածում են, և բնավ պետք չէ իմ ասածները քաղաքականացնել ու ինչ-որ մի ուժի հետ կապել՝ Վանեցյանի կամ ուրիշի հետ։ Մի բան հստակ է, որ նախկիններին վերադարձ չկա։ Մենք նախկինների եղածն էլ ենք ճաշակել, գիտենք՝ դա ինչ է։

Բայց բոլոր կանխատեսումներով՝ այս ուժերը, դրանց միավորումները հենց նախկինների վերադարձի համար են պայքարում։

– Ես չգիտեմ, թե իրենք ինչի համար են պայքարում, բայց եթե մի ուժ պայքարի ու ցանկանա նախկիններին հետ բերել, ես հաստատ այդ ուժին դեմ կլինեմ։ Պետք են նոր մարդիկ։ Հայոց մայրերի արգանդը չորացե՞լ է։ Չկա՞ն նոր մարդիկ, ավելի կիրթ ու հասկացող մարդիկ, որ կարողանան երկիրը այս իրավիճակից դուրս բերեն։

Համաճարակային իրավիճա՞կը նկատի ունեք, թե՞ ներքաղաքական։

– Թե՛ համաճարակը, թե՛ ներքաղաքական վիճակը։ Ես երբեք չեմ տեսել նման իրավիճակ, երբ երկրի ներսում մարդիկ այսքան թշնամացած լինեն իրար նկատմամբ։ Ես նայում եմ, ասենք, նույն Քաջարանի հավաքը, կառավարության դիմացի հավաքները ու դրանց տակի քոմենթները՝ սպանեք, ոչնչացրեք, վառենք դրանց։ Ով ինչ խոսում է, ասում են՝ Ռոբի պիցայակերներ են, կամ ուրիշ բան։ Չի կարելի նման իրավիճակ։ Մենք պատերազմական վիճակում ենք, Ադրբեջանը արդեն Երևանի վրա ծրագիր ունի մշակած, Երևանի գուբերնատոր է նշանակում արդեն, իսկ մենք ընկած որոշում ենք, թե ով է պիցայակեր, ով՝ չէ։ Չի կարելի։ Նման պառակտված վիճակում մենք չենք կարող արտաքին թշնամու դեմ պայքարել։

Բայց ո՞վ է մեղավոր այդ իրավիճակի համար, ո՞վ է այդ պառակտումը, թշնամանքը սերմանում ժողովրդի մեջ։

– Ով է սերմանում։ Ո՞վ է այսօր երկրի տերը։

Երկրի տերը ժողովուրդն է։

– Ուրեմն երկրի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին, թող թույլ չտա, որ ատելության մթնոլորտ տարածվի։ Ու այս ամենը պետք չի կապել նախկինների հետ։ Հենց մենք ենք հետևողական լինելու, որ նախկինները հետ չգան, բայց ներկաներն էլ չեն տիրապետում իրավիճակին։ Մոր մարդիկ են պետք, որ երկիրը դուրս բերեն այս վիճակից։

Ձեր տեսադաշտում կա՞ն հավանական թեկնածուներ։

– Չկան, բայց կհայտնվեն մարդիկ, որոնք որ կկարողանան երկիրը հանել այս վիճակից։ Շուտով երևի մենք մեր խոսքը կասենք, դրա վերաբերյալ հայտարարություն կանեք։ Մենք ասելով՝ նկատի չունեմ ո՛չ Երկրապահին, ո՛չ դաշինքին։ Որոշակի մարդիկ կան՝ և՛ մտավորականներ, և՛ ազատամարտիկներ, որոնք որ մտահոգ են երկրի վիճակով ու իրենց խոսքը կասեն։

Բայց դուք ԵԿՄ վարչության անդամ եք։ Ձեր գործողությունները, որոշումները քննարկե՞լ եք, համաձայնեցրե՞լ եք ԵԿՄ ղեկավարի հետ։

– Ոչ։ Մեր գործողությունները ԵԿՄ ղեկավարության հետ կապ չունեն։

Իսկ ինչ հետևանք կարող են ունենալ ձեր քայլերը։ Հակասություններ չե՞ն առաջանա Սասուն Միքայելյանի ու մնացած ԵԿՄ-ականների հետ։

– Գուցե կառաջանան, բայց այսօր երկրի վիճակն իմ համար ավելի կարևոր է, քան ինչ-որ կառույցի մեջ լինելը, կամ վարչության անդամ լինելը։

ԵԿՄ-ից էլի մարդիկ, ազատամարտիկներ կա՞ն, որ միացել են կամ պատրաստվում են միանալ Ձեզ։

– Եկեք ես ոչ մի բան չասեմ էլի։ Դուք շուտով կարող եք ներկա գտնվել մեր հայտարարությանը և լուսաբանել այն։ Ժամանակից առաջ չընկնենք, մոտ օրերս մեր հայտարարությունը կանենք, կլսեք։

Այսինքն՝ նորից միանո՞ւմ եք Ծառուկյանին։

– Մենք ոչ մեկին միանալու կարիք չունենք։

Դե, Դուք գրեթե նույնությամբ կրկնում եք այն ամենը, ինչ՝ նախօրեին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում։

– Ես չգիտեմ՝ Ծառուկյանը ինչ է ասել․․․ Հա, լսել եմ Ծառուկյանի հայտարարությունը խորհրդի նիստում, բայց ես խորհրդի նիստից տեղյակ չեմ եղել, ոչ էլ համագործակցել ենք։ Մենք դեռ որոշում ենք մեր ընկերների հետ, թե ոնց ենք անելու և ինչ ենք անելու։