Search
Close this search box.

Մեկն օրենքից է վախենում, մյուսը` պղծվելուց

Ձեզանից ո՞վ է գիտի գեթ մեկ վրացական պետական կամ հանրային նշանակության կառույց, որը Վրաստանի քարտեզը ներկայացնում է առանց Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի:

Ուկրաինայի դեպքում` առանց Ղրիմի, Մոլդովայի դեպքում` առանց Մերձդնեստրի: Ավելին, ես պատրաստ եմ « էշի պես զռռալ » եթե որևէ մեկը ինձ ցույց տա ադրբեջանական որևէ պետական կամ հանրային նշանակության կառույց, որն Ադրբեջանի քարտեզը հանրությանը ներկայացնում է առանց Արցախի:

Այդպիսի բան լինել չի կարող ( լինելու դեպքում «էշի պես զռռալու» ձևաչափն ուժի մեջ է ): Ինչու՞: Խնդիրը շատ պարզ է` մարդիկ հարգում են իրենց պետության օրենքները և տարածքային ամբողջականությունը: Շուրջ 20 տարի անձամբ ամեն հնարավորն անում եմ, որ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը ներառվի ՀՀ-ում հանրությանը ներկայացվող յուրաքանչյուր քարտեզում: Դժվար է: Քայլ առ քայլ փորձում եմ հասնել մի բանի, ինչը վրացիների, ուկրաինացիների, մոլդովացիների կամ ադրբեջանցիների համար աքսիոմ է:

Պատկերացրեք` 20 տարի: Փառք Աստծո, աստիճանաբար հասնում եմ ուզածիս: Մեկը հասկանում է, մյուսին հասկացնում եմ, մեկն օրենքից է վախենում, մյուսը` պղծվելուց: Ախր ուզածս էլ բարդ բան չէ` Արծվաշենն այնպես, ինչպես Գյումրին, Կապանը կամ Գավառն ՕՐԵՆՔՈՎ ՀՀ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ Է: Այն ՊԵՏՔ Է ՕՐԵՆՔԻ ՈւԺՈՎ ներառված լինի ՀՀ-ում հանրությանը ներկայացվող յուրաքանչյուր քարտեզում:

Եվ ես չէ, որ պետք է դրանում համոզեմ: Դա ՕՐԵՆՔՈՎ Է: Ցանկացած այլ դրսևորում դիտարկվում է իբրև ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ: Բացի այդ, եթե մենք չխոսանք 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունից, ապա այն աստիճանաբար կմոռացվի: Հենց նույն պատճառով էլ ես ցանկանում եմ, որ Արծվաշենը ներառված լինի քարտեզներում:

Ես ցանկանում եմ, որ իմ, ձեր և բոլոր հայերի երեխաները, թոռները, ծոռները և այսպես շարունակ, նայելով ՀՀ քարտեզին, վերջինիս վրա գտնեն Արծվաշենը: Եվ հարցնեն Արծվաշենի մասին: Եվ պատասխան ստանան: Եվ հիշեն այն ու պահանջեն …

Ինչպես ասացի, անցած 20 տարիների ընթացքում ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհին ով ասես դեմս չի կանգնել` էլ Վիվասել, էլ Օրանժ, էլ ոստիկանություն, էլ բազմաթիվ նախարարություններ, էլ հեռուստաընկերություններ, էլ դպրոցներ ու մանկապարտեզներ: Մի խոսքով, չթվարկեմ:

Սակայն, 20 տարիների ընթացքում չի եղել որևէ քաղաքական ուժ, որը դեմ լիներ ՀՀ տարածքային ամբողջականությանը: Ավելին, բացարձակ բոլորը ( չհաշված անձամբ Տեր-Պետրոսյան Լևոնին ), գոնե բանավոր, դեմ չեն եղել Արծվաշենը ճանաչել որպես ՀՀ անբաժանելի մաս:

Ցավոք, այդպիսի քաղաքական ուժ էլ տեսա և անձամբ լսեցի: Ասում եմ ցավոք, քանզի խոսում եմ մի քաղաքական ուժի մասին, որին անթաքույց համակրել եմ: Ասում եմ ցավոք, քանզի խոսում եմ մի քաղաքական ուժի մասին, որն այսօր իշխանության գալու կամ դրա մաս կազմելու լուրջ հայտ է ներկայացրել: Քաղաքական այդ ուժը ՀՐԱԺԱՐՎՈւՄ Է Արծվաշենը ներառել իր կողմից ներկայացվող քարտեզներում:

Առայժմ չեմ ցանկանում բացահայտել քաղաքական այդ միավորի անվանումը, հույս ունենալով, որ դիրքորոշումը կփոխվի, քանզի դրա նախադրյալները կան: Չնայած, մյուս կողմից հասկացողները` հասկացան:

Կարեն Հեքիմյան ֆեյսբուքյան էջից